Կիպրոսի վերամիավորումը կախված է Էրդողանից․ The Economist

The Economist-ում լույս է տեսել հոդված՝ «Կիպրոսը կարող է վերամիավորվել, եթե դա թույլ տա Թուրքիայի նախագահը» վերնագրով։ Պարբերականը նշում է, որ 43 տարվա բաժանումից հետո հույն ու թուրք կիպրացիները փոխհամաձայնության եզրին են, սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, քանի որ հարցը միայն Կիպրոսի երկու առաջնորդների ձեռքում չէ․ կան այլ խաղացողներ ևս։ Հոդվածը որոշ կրճատումներով թարգմանաբար ներկայացվում է ստորև։

Պաֆոսի սպիերը Եվրոպայի վերջին մասնատված երկրի վնասվածքների վկաներն են։ Փշոտ մետաղալարերը, դատարկ դիրքերը ցրված են ՄԱԿ-ի բուֆերային գոտի հանդիսացող հատվածով մեկ, որը բաժանում է մայրաքաղաք Նիկոսիան։

Անցակետերով հնարավոր է ազատ տեղաշարժը հյուսիսի և հարավի միջև, սակայն երկու մասերի ժողովուրդները ապրում են միմյանցից լիովին տարբեր կյանքով. հունական Կիպրոսի ուսանողների 48 տոկոսը երբեք չի այցելել հյուսիս, իսկ 43 տոկոսը «հազվադեպ» են այցելում։ Կիպրոսի տրոհված լինելը շարունակում է կղզին պահել աղքատ, խոչընդոտում է փախստականների վերադարձը, անհանգստացնում Եվրամիությանը (Կիպրոսը ԵՄ-ին է միացել 2004-ին՝ որպես մասնատված կղզի, սակայն միայն հունական Կիպրոսն ունի միջազգային ճանաչում) և բարդացնում ԵՄ-ՆԱՏՕ համագործակցությունն ու ԵՄ-Թուրքիա հարաբերությունները։

Կղզին պաշտոնապես բաժանված է երկու մասի՝ 1974-ից ի վեր թուրքական զորքերի կողմից հյուսիսային մասի օկուպացումից հետո։ Մեկը մյուսի հետևից առաջ են քաշվել վերամիավորման նախագծեր, վերջինը՝ 2004թ․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մշակած ծրագիրը, որը մերժվեց հունական Կիպրոսի մեծամասնության կողմից։

Բայց բոլորովին վերջերս հունական և թուրքական Կիպրոսների նախագահներ Նիկոս Անաստասիադիսը ու Մուստաֆա Աքընջըն հանդես են գալիս կարգավորման գաղափարով, որը բավական իրատեսական է։  Այս երկու անձինք, որոնց հարաբերությունները հիմնված են փոխըմբռնման վրա, փորձում են հասնել «երկգոտի, երկհամայնքային դաշնություն» ստեղծելու շուրջ համաձայնագրի, որի շրջանակում երկու ինքնավար մասերին կվերահսկի ոչ շատ ուժեղ կենտրոնական կառավարությունը։ Եթե առաջիկա շաբաթներին հաջողվի համաձայնության հասնել, նոր սահմանադրություն կմշակվի և առաջնորդները կկարողանան աջակցություն ստանալ յուրաքանչյուր մասում հանրաքվեի անցկացման համար։ Սակայն դրա համար ժամանակ է պետք, որը չկա։ Անաստասիադիսը փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին է, որոնցում, հնարավոր է, չհաղթի։

Համաձայնությունը պարզ ուրվագծված է, և եթե ամեն ինչ մնար այս երկու նախագահներին, ապա նրանք վաղուց հասած կլինեին փոխհամաձայնության։ Բայց Կիպրոսը վաղուց խաղաքար է այլոց շախմատային քաղաքականության մեջ։ Այսօր, դժբախտաբար, կղզու ճակատագիրը հիմնականում գտնվում է Թուրքիայի ավտորիտար նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռքում։ 1960թ. Կիպրոսի՝ Մեծ Բրիտանիայից անկախանալուց հետո, Թուրքիան, Հունաստանի ու Մեծ Բրիտանիայի հետ միասին, ունի ռազմական միջամտության իրավունք՝ կղզում սահմանադրական կարգի վտանգված լինելու դեպքում: Հույն կիպրացիները (և հենց Հունաստանը) պնդում են այդ երաշխիքների չեղարկման ու հյուսիսում գտնվող  թուրքական մի քանի հազար զորքի վերջնական հեռացման վրա։

Կիպրոսի խնդրի կարգավորման առանցքը անվտանգության երաշխիքներն են։ Դրանք լուծելու դեպքում հնարավոր է կարգավորել մնացած խնդիրները, մասնավորապես՝ տարածքային ու իշխանության բաշխման հարցերը։ Կղզու տարածքի միայն մեկ տոկոսն է վիճելի, և փոխզիջումը հնարավոր է․ թուրք կիպրացիները հրաժարվում են հյուսիսում գտնվող վիճելի Մորֆու քաղաքի նկատմամբ իրենց հավակնությունից՝ ռոտացիոն սկզբունքով նախագահության ստեղծման դիմաց, որի դեպքում թուրք կիպրացիների կողմից դաշնային պետությունը կղեկավարվի ժամանակի մի մասը միայն։

Բայց դժվար է հատել կարմիր գիծը, երբ գտնվում ես մյուս կողմի նշանակետում։

«Կիպրոսում մենք պայքարում ենք ոչ թե փաստերի, այլ ուրվականների դեմ»,- ասում է Նիկոսիայում PRIO Cyprus հետազոտական կենտրոնի նախագահ Հարրի Ցիմիտրասը։

1960-ականների բռնությունների հիշողությունները թուրք կիպրացիներին ստիպում են դժկամորեն հրաժարվել իրենց հովանավորից։ Իսկ հույն կիպրացիները հրաժարվում են իրենց անվտանգության հարցը հանձնել Թուրքիային։

«Դա նման է նրան, որ Լատվիային խնդրեն ընդունել Ռուսաստանին որպես անվտանգության երաշխավոր»,- ասել է Անաստասիադիսը: Բուն Թուրքիայում Էրդողանի հաճախակի պոռթկումները չեն վրիպում հունական Կիպրոսում կարգավորման ընդդիմադիրների աչքից։

Արդյոք Էրդողանը քայլ կանի՞։ Ոչ ոք վստահ չի կարող լինել։ Այժմ նրա համար առաջնային է հաղթել սահմանադրական հանրաքվեում, հավանաբար ապրիլին։ Ոմանք պնդում են, որ միայն դրանից հետո նա կարող է փոխզիջման գնալ։ Այլոք կարծում են՝ Էրդողանը դա կանի ավելի շուտ, տիրանալու Կիպրոսի ստորջրյա ածխաջրածնային հարստություններին: Եվրոպական առաջնորդների՝ Անկարա նախատեսվող այցերի ընթացքում (հունվարի 28-ին Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի, հինգ օր անց՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի) պարզ կդառնան Էրդողանի մտադրությունները։

Նիկոսիայում լարված են

Նույնիսկ փոխհամաձայնությունը չի ապահովում հաղթանակ հանրաքվեներում։ Ոչ մի առաջնորդ չի ստորագրի համաձայնագիր, որը չի կարող «վաճառել տանը»։ Սակայն այդ գործն օրեցօր ավելի է բարդանում։ Քիչ հավանական է, որ երիտասարդ հույն կիպրացիները, որոնք դպրոցական տարիքից կրթվել են հելլենական ազգայնականության ոգով և որոնք չունեն այլ հիշողություններ, բացի բաժանված Կիպրոսի մասին հիշողություններից, կաջակցեն վերամիավորմանը։

Չի կարելի ենթադրել նաև, որ դրան կսատարեն թուրք կիպրացիները, մասամբ այն պատճառով, որ Աքընջըյի կառավարությունում տարաձայնություններ կան։ Թուրքական Կիպրոսի արտգործնախարար Թահսին Էրթուղրուլօղլուն բանակցությունները բնութագրում է որպես «կատարյալ ձախողում»։

Մնում է հուսալ, որ այս բազմաչարչար խնդրի լուծումը մոտալուտ է, և որ նախագահներ Անաստասիադիսի ու Աքընջըի քաջության շնորհիվ Կիպրոսի հյուսիսին ու հարավը բավականին մոտ են կանգնած համաձայնագրի ստորագրմանը։ Սակայն միացյալ Կիպրոսի վրա խաղադրույք անելը ենթադրում է վստահություն Էրդողանի՝ հմուտ կառավարիչ լինելու հանդեպ, որի համար թուրք նախագահը քիչ բան է արել։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի