ԱՄՆ-ում բողոքում են Թրամփի՝ ներգաղթյալների մուտքն արգելող որոշման դեմ

Անցած հանգստյան օրերին ԱՄՆ-ում անցել են զանգվածային բողոքի ակցիաներ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մուսուլմանական յոթ երկրների քաղաքացիների մուտքը արգելելու որոշման դեմ։ Ներգաղթյալներին աջակցություն ցուցաբերող ցուցարարները հավաքվում են ամերիկյան քաղաքների փողոցներում և օդանավակայաններում։

Նախագահական հրամանը 90 օրով կասեցնում է ԱՄՆ-ի՝ փախստականների ընդունման ծրագրի գործողությունը, ինչպես նաև արգելք դնում Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների մուտքի վրա։ Նրանք, ովքեր հրամանի՝ ուժի մեջ մտնելու պահին թռիչքի մեջ էին, բերման են ենթարկվել ԱՄՆ հասնելուն պես՝ անգամ ունենալով գործող ամերիկյան վիզաներ կամ մուտքի թույլտվության այլ փաստաթղթեր։

Ամերիկյան նահանգների 16 գլխավոր դատախազներ հրամանն անվանել են հակասահմանադրական։ Մի շարք դաշնային դատավորներ ժամանակավորապես դադարեցրել են այցագրեր ունեցողների արտաքսումը։

ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի ղեկավար Ռայնս Փրիբասը հերքել է մեղադրանքները, որ արգելքի սահմանումը քաոս է առաջացրել։ Նրա խոսքով՝ շաբաթ օրը միայն ԱՄՆ է մտել 325 հազ․ մարդ, որոնցից բերման է ենթարկվել ընդամենը 109-ը։

Դոնալդ Թրամփի հրամանը քննադատել է ՄԱԿ-ը, մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, եվրոպացի առաջնորդներ, որոնց թվում՝ Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարներ Անգելա Մերկելն ու Թերեզա Մեյը։

Միևնույն ժամանակ, Կանադայի իշխանությունները ժամանակավոր կեցության հնարավորություն են տվել բոլոր նրանց, ովքեր ընկել են ԱՄՆ-ի նախագահի արգելքի տակ։ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն Թվիթերում գրել է, որ Կանադան «ողջունում է նրանց, ովքեր փախչում են հետապնդումներից, ահաբեկչությունից և պատերազմից»։

Իրանը սպառնացել է ի պատասխան արգելել ԱՄՆ-ի քաղաքացիների մուտքը երկիր։ Նմանատիպ հայտարարություններ են հնչել նաև Իրաքից։

Դոնալդ Թրամփը պնդում է, որ իր հրամանը չի կարելի որակել «մուսուլմանների մուտքի արգելք»։

«Խոսքը կրոնի մասին չէ, այլ ահաբեկչության և մեր երկրի պաշտպանության մասին»,- ասված է ԱՄՆ-ի նախագահի հայտարարության մեջ։ Նա հերթական անգամ մեղադրել է ամերիկյան լրատվամիջոցներին իր որոշումները սխալ լուսաբանելու մեջ։

Ի պաշտպանություն իր հրամանի՝ Թրամփը գրել է Թվիթերում․ «Մեր երկիրը ունի ամուր սահմանների և ուժեղացված վերահսկողության կարիք։ Հենց հիմա»։

Bloomberg գործակալությունը, մինչդեռ, ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ մուսուլմանական երկրների Թրամփի ցանկում չկան այն պետությունները, որոնց հետ ԱՄՆ-ի նախագահին պատկանող Trump Organization կազմակերպությունը գործարար կապեր ունի։ Այդպիսի երկրներ են, օրինակ, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Ադրբեջանը և այլն։

Մեկնաբանել