Տարածաշրջանային հարցերը ուժով լուծելու փորձերն ապարդյուն են․ Իրանի ՊՆ ղեկավար

Տարածաշրջանում առկա դժվարությունները կարող են հաղթահարվել միայն խաղաղ ճանապարհով՝ երկխոսության և բանակցությունների միջոցով։ Տարածաշրջանային հարցերի լուծման համար ուժի կիրառման փորձերն, ինչպես երևաց, ապարդյուն են, և Իրանը ջանք չի խնայի ընթացիկ հիմնախնդիրների լուծման համար․ պաշտոնական այցով Թեհրանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը։

Ինչպես հաղորդում է իրանական Mehr գործակալությունը, Վիգեն Սարգսյանն իր հերթին ասել է, որ Հայաստանը դեմ է տարածաշրջանային լարվածությանը և ողջունել Իրանի ջանքերը առկա ճգնաժամերի կարգավորման հարցում։

Դեհղանը շեշտել է, որ Իրանի սկզբունքային քաղաքականությունն է շարունակական և վճռական պայքարը ահաբեկչության, անկայունության և վտանգի աղբյուրների դեմ։

Դեհղանը խոսել է նաև Հայաստան-Իրան աճող երկկողմ համագործակցության մասին և շեշտել այն խորացնելու Թեհրանի պատրաստակամությունը։

Վիգեն Սարգսյանը ողջունել է Իրանի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում՝ ասելով, որ հարցը ռազմական լուծում չունի։

ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Իրանցի իր պաշտոնակցի հետ հանդիպումից բացի նախատեսված են հանդիպումներ ԻԻՀ գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների բարձրաստիճան ղեկավարության հետ, այցելություններ տարբեր գիտահետազոտական և արդյունաբերական ձեռնարկություններ:

Թեհրանում գտնվելու ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը կհանդիպի նաև Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մեկնաբանել