Human Rights Watch-ը կոչ է անում ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում ազատ արձակել ընդդիմադիր, «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ, ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանին:

Human Rights Watch-ը դատապարտել է «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրիաս Ղուկասյանի կալանքի՝ 2 ամսով երկարաձգելու որոշումը և կոչ է արել ազատ արձակել նրան՝ մինչև դատավարությունը:

Անդրիաս Ղուկասյանը ձերբակալվել է 2016թ. հուլիսի 29-ին՝ Էրեբունու ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած ցույցերի ժամանակ: Նա մեղադրվում է «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ:

Անցյալ շաբաթ դատարանը նրա կալանքի ժամկետը երկարաձգեց ևս երկու ամսով: Իրավապաշտպանները նշում են, որ անցյալ շաբաթ տեղի ունեցած լսումներում դատախազը պահանջեց երկարացնել կալանքի ժամկետը՝ հաշվի առնելով մեղադրանքների ծանրությունը: Այնուամենայնիվ, իրավապաշտպանները վկայակոչում են հուլիսի 29-ի դեպքերն արտացոլող տեսանյութը, որում Ղուկասյանը ցուցարարներին կոչ է անում հանգստություն պահպանել և ոստիկանության հետ բախման չգնալ:

Դատարանն ուսումնասիրել է տեսանյութը, բայց մերժել է Ղուկասյանի փաստաբանի միջնորդությունը՝ թույլատրել դեպքերին ականատես լրագրողներին կամ ցույցի մասնակիցներին վկայություն տալ հօգուտ Ղուկասյանի:

«Դատավորը մեջբերել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի քանի գործեր՝ ասելով, որ դատարաններն իրավունք ունեն լսումների այս փուլում չլսելու պաշտպանող կողմի վկաներին»,- գրում է կազմակերպության՝ Հարավային Կովկասի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան: – Խրախուսելի է, որ դատավորը մեջբերում է Եվրոպական դատարանի կանոնադրությունը: Բայց եվրոպական դատարանի մյուս եզրակացությունները հավասարապես կարևոր են այս գործում»:

Իրավապաշտպանները կարծում են, որ Եվրոպական դատարանը շատ հստակ է այն հարցում, որ նախաքննական կալանքը պետք է կիրառվի որպես ծայրահեղ միջոց, և այն պետք է արդարացված լինի: Դատարանները կալանքի համար չպետք է բերեն «ընդհանուր և աբստրակտ» պատճառաբանությունների:

«Քննիչները պնդում են, որ Ղուկասյանը կարող է փախուստի դիմել կամ միջամտել քննությանը, բայց իրենց պնդումն ապացուցող ոչ մի փաստ չեն ներկայացնում: Դատախազն էլ պարզապես թվարկում է Հայաստանում օրենքով ընդունված այն պատճառները, որոնք արգելում են գրավով ազատ արձակումը:

Ամենայն հարգանք դրսևորելով Հայաստանում մարդու իրավունքների նկատմամբ պարտավորություններին՝ քննիչները պետք է փոխեն Ղուկասյանի դեմ կալանքի իրենց որոշումը և ազատ արձակեն նրան՝ սպասելով վստահության արժանի դատավարության»:

Մեկնաբանել