Հայաստանը վիճարկելու է Եվրադատարանի որոշումը

2016-ի հոկտեմբերի 27-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացրեց վճիռ, ըստ որի՝ դիմումատուների արդար դատաքննության իրավունքը խախտվել է, և Հայաստանի կառավարությունը պետք է փոխհատուցի հայցվոր կողմին։

Հայցվորներ Յուրի Վարդանյանը, Շուշանիկ Նանուշյանը և Արտաշես Վարդանյանը Հայաստանի Հանրապետության դեմ բողոք էին ներկայացրել 2007 թվականին։ Հայցի հիմքում ընտանիքին կամայականորեն իրենց հարյուրամյա սեփականությունից՝ Բուզնադի 13 հասցեում գտնվող տնից և հողամասից զրկելն է։

ՄԻԵԴ-ը դիմումատուին և ՀՀ կառավարությանը ժամանակ էր տրամադրել համաձայնության գալ փոխհատուցման շուրջ վճիռն ուժի մեջ մտնելուց երեք ամսվա ընթացքում։ Սակայն վճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, քանի որ ՀՀ կառավարությունը քննարկվող վճիռը Եվրոպական դատարանի Մեծ պալատին հանձնելու պահանջ է ներկայացրել։

ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան Արդարադատության նախարարությունը նշել է, որ Հայաստանի կառավարությունը փոխհատուցվելիք վնասի չափի վերաբերյալ գրավոր դիտարկումներ կներկայացնի Մեծ պալատի կայացվելիք որոշումից հետո։

Համաձայն մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 43-րդ հոդվածի՝ Մեծ պալատի՝ հինգ դատավորից բաղկացած հանձնախումբն ընդունում է պահանջը, եթե գործն արծարծում է ընդհանուր կարևորության լուրջ հարց։ Եթե հանձնախումբը ընդունում է պահանջը, ապա Մեծ պալատը գործը լուծում է՝ վճիռ կայացնելով։

Ստորև՝ փաստաբան, մարդու իրավունքների պաշտպան Վահե Գրիգորյանը ներկայացնում է «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» մանրամասները․

Մեկնաբանել