«Գազպրոմ»-ը կարող է փոխել Իրան-Հայաստան գազի ենթակառուցվածքը և փոխարինել վրացական երթուղին

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կրկին իր դժգոհությունն է հայտնել վերջերս Վրաստանի կառավարության և ռուսաստանյան «Գազպրոմ» գազային հսկայի միջև կնքված համաձայնագրի առթիվ։ Նախագահի խոսնակ Էկա Միշվելաձեի որակմամբ՝ «Գազպրոմ»-ի հետ նոր պայմանները «նախորդներից շատ ավելի վատն են»։

Նախագահը շարունակում է քննադատել

Միշվելաձեն բարձրաձայնել է Վրաստանի նախագահի այն համոզումը, որ պայմանագրի արդյունքում կորուստներից հնարավոր էր խուսափել, սակայն «ինչ-ինչ պատճառներով նման փորձերը անհաջողության են մատնվել»։ Մարգվելաշվիլին առաջին անգամ չէ քննադատում նոր գործարքը։

Միշվելաձեի խոսքով՝ այժմ պետք է պատասխանել այն հարցին, թե «ինչու է Վրաստանը թուլացրել իր դիրքերը երկրի համար ռազմավարական կարևորություն ունեցող ոլորտում»։

Վրաստանի նախագահականի ներկայացուցչի պնդմամբ՝ տվյալ հարցը կուսումնասիրի խորհրդարանը․ նախագահը կառավարությանը կոչ է անում մասնակցել գործընթացին և կատարել պարտականությունները, որոնք ստանձնել է Սահմանադրությամբ։

«Գազպրոմ»-ը չի առաջնորդվում միայն առևտրային շահերով

Ռուսաստանյան ընկերության հետ նոր համաձայնության դեմ Վրաստանում բողոքի բավական մեծ ալիք կա։ Գործարքին ընդդիմացողները իրենց դիրքորոշումը հիմնավորում են նրանով, որ այդկերպ Թբիլիսին իրեն կախվածության մեջ է դնում Մոսկվայից։

Հակառակ հնչող պահանջներին՝ հրապարակել համաձայնագիրը, Վրաստանի կառավարությունը հայտարարում է, որ «Գազպրոմ»-ի հետ կնքված համաձայնագիրը առևտրային գաղտնիք է․ հնարավորության դեպքում կարվի հնարավորը այն հանրայնացնելու համար։

Օրերս Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլին «Հանրային հեռարձակող»-ին տված հարցազրույցում պնդել է, որ ռուսաստանյան կողմը բանակցություններում չի առաջնորդվում բացառապես առևտրային շահերով, այլ համալիր, այդ թվում՝ քաղաքական առաջնահերթություններով։

Եթե «Գազպրոմ»-ը ցանկանա, կարող է փոխել Իրան-Հայաստան գազային ենթակառուցվածքը

Վալիշվիլին մեկնաբանել է նաև Հայաստանի գազամատակարարման իրանական երթուղու հնարավորության և բանակցություններում Վրաստանի համար շահեկան դիրքերի մասին հարցը։

«Իրանից Հայաստան գազատար գոյություն ունի, դրա թողունակությունը կազմում է 2,3 մլրդ խմ, ինչը գերազանցում է Հայաստանի ընդհանուր գազի պահանջարկը։ Եթե Ռուսաստանն իր առաջ այդ ենթակառուցվածքի փոփոխության խնդիր դնի, ինչպես դա Ուկրաինայի դեպքում էր, չի բացառվում, որ այսօր Իրանից Հայաստան գնացող գազի թիրախային նշանակությունը կփոխեն, և դա կհամարվի մաքուր ներմուծում։ Որոշումների ընդունման ձևաչափում «Գազպրոմ»-ը չի առաջնորդվում առևտրային գործոնով, այն ունի համալիր դրդապատճառներ»,- պարզաբանել է վրաց պաշտոնյան։

Նա վերահաստատել է՝ «Գազպրոմ»-ի հետ պայմանագիրը գաղտնի է, ինչպես «Շահ Դենիզ»-ի և «Սոկար»-ի դեպքում, և նախարարությունը չի կարող այն հրապարակել։

«Օպտիմալ որոշում»

Հունվարի 11-ին Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն «Գազպրոմ Էքսպորտ»-ի ղեկավարության հետ բանակցությունների երրորդ փուլից հետո հայտարարել էր, որ կառավարությունը «օպտիմալ որոշում» է կայացրել՝ ընդունելով «Գազպրոմ»-ի պայմանները Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան գազի տարանցման վերաբերյալ։ Ըստ համաձայնության՝ երկամյա համաձայնագրի առաջին տարում մասամբ կպահպանվի տարանցման դիմաց գազով վճարումը, իսկ երկրորդ տարում անցում կկատարվի ամբողջությամբ փողով վճարմանը։ Նոր համաձայնագրով Վրաստանը կարող է գազի լրացուցիչ ծավալներ գնել 14 տոկոս զեղչով՝ 185 դոլար՝ հազար խմ-ի դիմաց։

«Գազպրոմ Էքսպորտ»-ը հայտարարել է, որ վրացական կողմին արել է «փաթեթային առաջարկ օպտիմալ և փոխշահավետ պայմաններով», որը թույլ կտա վրացական կողմին ապահովել գազի տարանցման ծառայություններից երաշխավորված եկամուտ և բարձրացնել Վրաստանի գազամատակարարման հուսալիությունը»։ Ընկերության մամուլի հաղորդագրությանը կցված տեղեկանքում նշվում է, որ գազի համաշխարհային առևտրում տարանցման համար «հումքով վճարումն արդեն երկար տարիներ է՝ չի կիրառվում»։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել