2018թ․ Մոսկվան կարող է նախընտրել Կարեն Կարապետյանին, ոչ թե Սերժ Սարգսյանին

«Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայության վերլուծաբան Լիզ Ֆուլերը հոդված է հրապարակել Հայաստանում սպասվող քաղաքական զարգացումների մասին։ Ֆուլերը պնդում է, որ Մոսկվան 2018-ից հետո Հայաստանի ղեկավարի դերում կարող է նախընտրել Կարեն Կարապետյանին, ոչ թե Սերժ Սարգսյանին, որը չի բացառել նախագահության երկրորդ ժամկետից հետո որպես վարչապետ պաշտոնավարումը։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Երկու ամսից Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որոնցում ավանադաբար հաղթանակ են գրանցել Սերժ Սարգսյանն ու նրա գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ): Եվ չնայած համատարած դժգոհություններին, մասամբ` կտրուկ վատթարացած տնտեսական իրավիճակի և մասամբ 2012-ի ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի օրինականության շուրջ չփարատվող կասկածների պատճառով, կուսակցությունն, ամենայն հավանականությամբ, կարող է բավարար քվեների շնորհիվ մեծամասնություն կազմել նոր օրենսդիր մարմնում և ձևավորել կոալիցիոն կառավարություն։

Անհիմն չեն կանխորոշումները, որ Սերժ Սարգսյանին կհաջողվի զբաղեցնել վարչապետի պաշտոնը 2018թ․ մարտին նախագահական երկրորդ ժամկետը լրանալուն պես, երբ երկիրը կիսանախագահականից անցում կկատարի խորհրդարանական համակարգի, համաձայն 2015թ․ դեկտեմբերին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, սակայն պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ Մոսկվան կարող է նախընտրել ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանին այդ պաշտոնում։

Վերջին վեց տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը բազմիցս խոստացել է իրական բարեփոխումներ և ավելի լայն ժողովրդավարացում, սակայն չի կարողացել իրականացնել այդ խոստումները։ 2010թ․ դեկտեմբերին ՀՀԿ հիմնադրման 20-ամյակին իր ելույթում Սարգսյանը նախազգուշացրեց, որ ներկայիս քաղաքական իրավիճակը կարող է հանգեցնել «լճացման»՝ առանց ցանկալի «ժողովրդավարության խորացման» և «մեր պետական, հասարակական և տնտեսական կյանքի բոլոր բնագավառներում եվրոպական ստանդարտների հետևողական ներդրման»: Սարգսյանը կոչ արեց «եվրոպական ոճի ժողովրդավարության և օրենքի գերակայության»՝ որպես «հասարակության հիմնական պահանջ», ավելացնելով, որ պետք է գերակշռեն «եվրոպական խաղի կանոնները»։

Սարգսյանը նաև պաշտոնապես խոստացավ «ժողովրդավարացնել Հայաստանի քաղաքական համակարգը» և քաղաքական բոլոր կուսակցություններին ու խմբերին կոչ արեց «քաղաքակիրթ երկխոսության»։ Ընդհանուր առմամբ, ելույթը իշխանությունների կողմից նոր քաղաքական սկզբի տպավորություն ստեղծեց։

Նմանատիպ խոստումները գերակշռում էին նրա ելույթներում նաև 2013թ․ փետրվարի նախագահական ընտրություններից առաջ, որում նա հաղթանակ տարավ յոթ մրցակիցների նկատմամբ և ձայների 58 տոկոսով անցավ իր նախագահության երկրորդ ժամկետին։ (Ինչպես և 2008թ․, միջազգային դիտորդները քվեարկության ընթացքում արձանագրեցին համատարած ընտրախախտումներ, ինչի արդյունքում ընրտողների մի զանգված հարցականի տակ դրեց պաշտոնապես հրապարակված արդյունքների վավերականությունը):

Բայց Սարգսյանը ոչ միայն չհարգեց բարեփոխումների իր խոստումը, այլև ընդամենը վեց ամիս անց՝ 2013թ․ սեպտեմբերին առաջացրեց բազմաթիվ քաղաքացիների զայրույթը՝ հետ կանգնելով Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ երեք տարիների հաջող բանակցություններից և փոխարենը մուտք գործելով Եվրասիական տնտեսական միության կազմ։

Երկու իրադարձություն, որ Սերժ Սարգսյանին դրդեցին փոփոխությունների

Վերջին 12 ամիսների ընթացքում, սակայն, երկու փոխկապակցված իրադարձություններ Հայաստանի ղեկավարներին հասկացրեցին, որ, ինչպես ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը խոստովանեց նոյեմբերի սկզբին, խուսափելն այլևս տարբերակ չէ, և շտապ անհրաժեշտ են փոփոխություններ։ Առաջինը ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի արևելքում հայկական ու ադրբեջանական ուժերը բաժանող 230-կիլոմետրանոց շփման գծի երկայնքով բռնկված չորսօրյա պատերազմն էր։ Կռիվներին, որում զոհված հայ զինծառայողների թիվը հասնում է 70-80-ի, Ադրբեջանին հաջողվեց վերագրավել 1990-ականների սկզբին վերահսկողությունը կորցրած տարածքի մի շատ փոքր հատված։

Հայերի կրած կորուստները մասամբ հետևանք էին զինակոչիկների ունեցած ոչ բավարար սարքավորումների և զենք-զինամթերքի։ Այդ ձախողումները ամրապնդեցին ընկալումը, որ պաշտոնյաների շրջանում առկա կոռուպցիան, որը իշխանությունները տարիներ շարունակ հերքում էին և խոստանում կրճատել, այն աստիճան է արմատավորվել ու դարձել էնդեմիկ, որ այժմ դարձել է անմիջական սպառնալիք ազգային անվտանգության համար։

Երկրորդը հուլիսին Երևանում ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումն էր Սասնա ծռեր զինված խմբի կողմից, որը սերտ կապեր ուներ Հիմնադիր խորհրդարան արմատական խմբի հետ։ Նրանց պահանջն էր Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը և Հիմնադիր խորհրդարանի նախագահ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը, որը ձերբակալվել էր դրանից մեկ ամիս առաջ՝ հեղաշրջում ծրագրելու կասկածանքով։ Մի քանի տասնյակ զինյալները, նախքան հանձնվելը, երկու շաբաթ շարունակ զբաղեցրին ՊՊԾ գնդի տարածքը, և հազարավոր մարդիկ բազմիցս ցույցերի դուրս եկան՝ ի պաշտպանություն նրանց պահանջների:

Հինգ շաբաթ անց հրաժարական տվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որն ապրիլյան քառօրյա պատերազմից անմիջապես հետո հայտարարել էր պետությունն «ավելի արդյունավետ» դարձնող ևս մեկ լուրջ բարեփոխման մասին։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Մոսկվայի պնդմամբ, Սարգսյանը վարչապետի պաշտոնում նշանակեց Երևանի նախկին քաղաքապետ, 53-ամյա Կարեն Կարապետյանին, որը նախորդ վեց տարիների ընթացքում բարձր ղեկավար պաշտոններ էր զբաղեցրել ռուսական գազային հսկա «Գազպրոմում»:

Եթե Ռուսաստանի մտահոգությունն այն էր, որ Սերժ Սարգսյանը կորցնում է իրավիճակի վերահսկողությունը, քանի որ Սասնա ծռերի գործողությունից հինգ օր հետո միայն հանդես եկավ հրապարակային հայտարարությամբ, հնարավոր է՝ Սարգսյանին նաև համոզել են, որ Կարապետյանը կարող է շոշափելի փոփոխություններ բերել, ինչին հուսահատորեն սպասում է հանրությունը։ Հայտնելով Կարապետյանի նշանակման մասին՝ Սարգսյանը հայտարարեց, որ նոր վարչապետը կձեռնարկի «փոփոխությունների մեծ ալիք», այդ թվում՝ «արմատական բարեփոխումներ», որոնք «նոր լիցք կհաղորդեն տնտեսական զարգացմանը»:

Կարեն Կարապետյանը, ինչպես Սերժ Սարգսյանը և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը (որի հետ նա լավ հարաբերությունների ունի), ծնվել է Լեռնային Ղարաբաղում: Նա ունի խելացի տնտեսագետ մենեջերի համբավ. բազկամարտի նախկին չեմպիոն, խորհրդարանում երկրորդ ամենամեծ ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ և մեծահարուստ գործարար Գագիկ Ծառուկյանը շատ «բարձր կարծիքի է» նրա մասին և վստահ է, որ վերջինս «գիտի, ինչ է անում»։

Կարապետյանը Երևանում չունի իր սեփական համախոհներից կազմված ուժի բևեռը, ինչը թերևս բացատրվում է նրա՝ նախարարական պաշտոններին ըստ էության անծանոթ մարդկանց նշանակումներով։ Իհարկե, իր նախնական հայտարարություններում նա ևս խոստացավ համակարգային փոփոխություն`նպատակ ունենալով բարելավել Հայաստանի «չափազանց ծանր» տնտեսական իրավիճակը: Ու թեև նա խոստացավ ճնշել հարկերից խուսափողներին և կոռուպցիան, բոլոր տնտեսվարողների համար ստեղծել հավասար պայմաններ, նրա վերաբերմունքը տնտեսական մենաշնորհների նկատմամբ հակասական է․ ըստ Կարապետյանի, միշտ չէ, որ դրանք վատ են։

Կարապետյանի դժկամությունն այս հարցում ենթադրում է, որ նա զգուշանում է իր նկատմամբ ՀՀԿ-ի հզոր գործիչների կողմից թշնամանք հրահրելուց, որոնք կարևոր նշանակության ապրանքների ներմուծման մենաշնորհներ ունեն։ Վետերան քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանը, որը վարչապետի պաշտոն է զբաղեցրել 1990-ականների սկզբին, հույս ունի, որ «Կարապետյանը ոչ միայն մարտահրավեր կնետի մենաշնորհատերերին, այլև ուղի կգտնի «հմտորեն օգտագործելու» երկրի վերնախավի տարբեր խմբերի միջև առկա հակասությունները։

Ելույթ ունենալով նոյեմբերին կայացած ՀՀԿ համագումարին՝ նախագահ Սարգսյանը նշեց, որ Կարապետյանը (ով հունվարի 26-ին զբաղեցրեց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնը), կպահպանի վարչապետի պաշտոնը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո։ Այդ հավաստիացումը ենթադրում է, որ Սարգսյանը վստահ է, որ նոր Ընտրական օրենսգրքով անցկացվող ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն կդառնա «ազգային համաձայնության կառավարության» լայն կոալիցիայի ամենաուժեղ կուսակցությունը։

Այնուամենայնիվ, պարզ չէ, թե որքան կպաշտոնավարի Կարապետյանը վարչապետի պաշտոնում։ 2015թ․ դեկտեմբերի սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն 2018թ․ մարտին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետի լրանալուց հետո, սահմանում են, որ ՀՀ կառավարությունում նախարարները պետք է ընտրվեն պատգամավորներից: Բայց Կարապետյանը տեխնիկապես չի կարող առաջադրվել խորհրդարանական ընտրություններում, քանի որ չի համապատասխանում թեկնածուների՝ վերջին չորս տարում մշտապես Հայաստանում բնակվելու մասին պահանջին։ Ու թեև Սարգսյանը սկզբում հերքում էր իր երկրորդ պաշտոնավարումից հետո իշխանության ղեկին մնալը որպես վարչապետ, այժմ նա հրաժարվում է բացառել այդ տարբերակը:

Ի վերջո, կարող է պարզվել, որ Ռուսաստանը դեր կխաղա Կարապետյանի ապագայի հարցում, ճիշտ այնպես, ինչպես ենթադրվում էր վերջինիս նշանակման մեջ ունեցած դերը։ Անցյալ շաբաթ Մոսկվա կատարած այցի ժամանակ Կարապետյանն արժանացավ կարմիր գորգով բարձր ընդունելության և իր ռուս պաշտոնակցի՝ Դմիտրի Մեդվեդևի հետ պայմանավորվածություն ձեռք բերեց Հայաստանում ռուսական ներդրումներին նպաստող հիմնադրամ ստեղծելու շուրջ: Բացի այդ, մի քանի տասնյակ ռուսաստանաբնակ հայ գործարարներ պաշտոնական հայտարարություն տարածեցին՝ իրենց «լիակատար աջակցությունը» հայտնելով Կարապետյանի կառավարության ընդունած բարեփոխումների ծրագրին։

Ինչպես գրում Է Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայությունը, հղում անելով «Հայկական ժամանակ» թերթին, սա բացահայտ աջակցության դրսևորում է Մոսկվայի կողմից, որը ոչ թե Սարգսյանին, այլ Կարապետյանին է դիտարկում որպես Հայաստանում իր հիմնական գործընկերոջ։

Թարգմանությունը Զառա Պողոսյանի

Մեկնաբանել