Մինսկի խումբը պատրաստ է Մյունխենում ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում փետրվարի կեսին Մյունխենում անվտանգության հարցերով համաժողովի շրջանակում․ այս մասին TASS գործակալությանն ասել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվել են փետրվարի կեսին առանձին խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովի շրջանակում,- ասել է Պոպովը։ – Եթե նախարարները հետաքրքրվածություն ցուցաբերեն, մենք կկազմակերպենք նրանց հանդիպումը»։

Ռուսաստանցի միջնորդը նաև ասել է, որ անցյալ տարի Սանկտ Պետերբուրգում կայացրած պայմանավորվածությունների համաձայն՝ շարունակվում է աշխատանքը ԼՂ կարգավորման ուղղությամբ՝ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով։

Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը 2016թ. դիվանագիտական տարվա ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսին հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հերթական հանդիպման առաջարկ են արել։ Նալբանդյանն ասել է, որ հանդիպումը հնարավոր է՝ կայանա փետրվարի 17-19-ը նախատեսված Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակում։

«Մենք, իհարկե, երբևէ չենք հրաժարվում արտգործնախարարների կամ այլ մակարդակներով հանդիպումներից»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար՝ հավելելով, որ չի կարող հաստատել, որ հանդիպումը կկայանա, քանի որ դժվար է ասել, թե «Ադրբեջանն այս անգամ ինչ կմոգոնի»։

Հնարավոր հանդիպման մասին երեկ խոսել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։ Վերջինս իր դժգոհությունն է հայտնել ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների առթիվ և ասել է, որ ռուսական կողմի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկով հանդես է եկել ռուսական կողմը։

Մեկնաբանել