Արդյոք Լուկաշենկոն մտորու՞մ է ՀԱՊԿ-ից ու ԵՏՄ-ից դուրս գալու մասին

Բելառուսը դուրս չի գալու Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, հնարավոր է, Ռուսաստանի հետ Դաշնային պետության կազմից։ «Կոմերսանտ» թերթի ռուսաստանյան և բելառուսական աղբյուրները հերքել են ավելի վաղ «Ռեգնում»-ի տարածած լուրը, թե Մինսկը պատրաստվում է դուրս գալ վերոհիշյալ կառույցներից։

Հաղորդվում է, որ իրավիճակը կհստակեցվի վաղը՝ փետրվարի 3-ին, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կտա մեծ մամուլի ասուլիս։

«Ռեգնում» գործակալությունը, հղում անելով անանուն աղբյուրի, հաղորդել էր, որ Մինսկը պատրաստվում է դուրս գալ ԵՏՄ-ից, ՀԱՊԿ-ից և, հնարավոր է, Ռուսաստանի և Բելառուսի Դաշնային պետությունից։ Ըստ տեղեկության՝ Մոսկվայում «ըմբռնումով են վերաբերվում» անկախ պետություն լինելու Բելառուսի ցանկությանը՝ «եղբայրական Ուկրաինայի օրինակով»։

«Մեծ զրույց նախագահի հետ» խորագրով ասուլիսը, ըստ «Կոմերսանտ»-ի զրուցակիցների, Բելառուսի համար նոր ձևաչափ է։ Ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքին, որ հանդիպման հրավերում բացակայում է օրակարգը, բացի այդ, հրավիրված են ինչպես լրագրողներ, այնպես էլ փորձագետներ, կրոնական և քաղաքական կառույցների ներկայացուցիչներ, ինչը վերլուծաբաններին թույլ է տալիս ենթադրել, որ ասուլիսին «կարող է լինել ամեն ինչ»։

Մինսկի մտադրությունների մասին լուրերը հայտնվել են այն բանից հետո, երբ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է Բելառուսի հետ սահմանակից շրջաններում սահմանապահ գոտի ստեղծելու մասին։ Նախկինում Դաշնային պետության մեջ միավորված Ռուսաստանի և Բելառուսի միջև նման գոտի չի եղել։

Մոսկվայի քայլն իր հերթին հետևել է Մինսկի կողմից Եվրամիության 80 երկրների և ԱՄՆ-ի հետ անայցագիր ռեժիմի վերաբերյալ համաձայնագրի կնքմանը։

Մեկնաբանել