Օսերն ու աբխազները կօգտվեն այցագրային ռեժիմի ազատականացումից, ասում է Վրաստանի վարչապետը

Եվրոպայի հետ մերձեցումը պատկանում է ամբողջ Վրաստանին․ մեզ հատկապես ուրախացնում է, որ մեր աբխազ և օս քաղաքացիները մեզ հետ միասին կօգտվեն այն բարիքներից, որոնք բերում են Եվրոպայի հետ սերտ հարաբերությունները․ երեկ կառավարությունում մամուլի ասուլիսին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։

Agenda.ge կայքի փոխանցմամբ՝ նա շնորհավորել է Վրաստանի բնակչությանը Եվրախորհրդարանի՝ Վրաստանի հետ այցագրային ռեժիմի ազատականացման որոշման առթիվ։

«Այսօր Եվրախորհրդարանն ընդունել է քաղաքական որոշում այցագրային ռեժիմի ազատակացման հետ կապված։ Դա շատ նշանակալի քայլ է Եվրոպայի հետ մերձեցման ճանապարհին։ Դա ավելի շատ բարեկեցություն է, ավելի շատ ժողովրդավարություն, էներգիա, էնտուզիազմ։ Այսօր Եվրախորհրդարանը, որտեղից լավագույնն է լսվում եվրոպացի ժողովուրդների ձայնը, միաձայն և հստակ ասեց, որ Վրաստանն ու վրաց ժողովուրդը Եվրոպայի մաս են:

[…]

Եվրոպայի հետ մերձեցումը պատկանում է ամբողջ Վրաստանին և մեզ հատկապես ուրախացնում է, որ աբխազ և օս մեր քաղաքացիները մեզ հետ կօգտվեն այն բարիքներից, որոնք բերում են Եվրոպայի հետ սերտ հարաբերությունները»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը։

Երեկ Եվրախորհրդարանը լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ՝ 553 կողմ, 66 դեմ և 28 ձեռնպահ, քվեարկել է Վրաստանի հետ այցագրային ռեժիմի ազտականացման օգտին։ Կենսաչափական անձնագրեր ունեցող Վրաստանի քաղաքացիներն այսուհետև կարող են առանց այցագրի Շենգենյան գոտու երկրներ մուտք գործել և ընդհանուր առմամբ մնալ 90 օր՝ 180 օրվա կտրվածքով՝ բիզնեսի, զբոսաշրջության նպատակով կամ ընտանեկան հարցերով։

Մեկնաբանել