ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից Բելառուսի դուրս գալու մասին լուրերը կատարյալ հորինվածք են, ասում է Լուկաշենկոն

ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից Բելառուսի դուրս գալու մասին լուրերը կատարյալ հորինվածք են․ այսօր Մինսկում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա ծավալուն անդրադարձ է կատարել Ռուսաստանի հետ ներկայիս լարված հարաբերություններին, ինչում, ըստ Լուկաշենկոյի, մեղավոր է Մոսկվան։

«Ռուսաստանում որոշակի լարվածություն կա, որ Բելառուսը կգնա, որ Լուկաշենկոն բելառուսներին կտանի Արևմուտք»,- ասել է Լուկաշենկոն։

Նա փաստել է, որ ռուս-բելառուսական հարաբերությունները հաջող չեն զարգանում, սակայն դրանում, ըստ բելառուս առաջնորդի, մեղավոր է Մոսկվան, որը փորձում է նավթի և գազի միջոցով ճնշում գործադրել։

«Բելառուսը կարող է իր գլուխը պահել առանց ռուսաստանյան նավթի, եթե կշեռքի մյուս նժարին լինի անկախությունը»,- ասել է Լուկաշենկոն։

«Մեզ շատ դժվար կլինի, սակայն ազատությունն ու անկախությունը չեն գնահատվում եկամտաբերությամբ։ Եթե մի կողմից ազատությունն է, իսկ մյուս կողմից՝ ադրբեջանական կամ իրանական նավթը՝ դա անհամատեղելի է»,- ասել է նա։

Լուկաշենկոն պատմել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընկեր են, թեև երբեմն վիճում են։ Նրա խոսքով՝ Ռուսաստանում կան տարբեր ուժեր, այդ թվում՝ երկրի ղեկավարության շարքերում։ Լուկաշենկոն ևս մեկ անգամ կոչ է արել չմոռանալ, որ Բելառուսը անկախ պետություն է։

Բելառուսի նախագահը Ռուսաստանին մեղադրել է ռուս-բելառուսական սահմանին սահմանապահ գոտու ստեղծմամբ միջազգային պայմանագրերը խախտելու մեջ, մինչդեռ Բելառուսը, ըստ նրա, «չի խախտել և ոչ մի միջազգային փաստաթուղթ»։

Ինչ վերաբերում է Բելառուսի՝ ԵՄ երկրների և ԱՄՆ-ի հետ այցագրային ռեժիմի վերացմանը, ապա այն, Լուկաշենկոյի պնդմամբ, չպետք է լարի Մոսկվային։

***

Երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Բելառուսը մտադիր է դուրս գալ ԵՏՄ-ից, ՀԱՊԿ-ից և ՌԴ-ի հետ Դաշնային պետությունից։ ՀԱՊԿ-ը հայտարարել է, որ Բելառուսից նման դիմում չի ստացել։

Մեկնաբանել