Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է պաշտոնյաների ունեցվածքի քննության իր նախագիծը

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Աժ պետաիրավական հանձնաժողովի նիստում այսօր ներկայացրել է պաշտոնյաների ունեցվածքի քննության իր նախագիծը: Նախաձեռնության անհրաժեշտության մասին Փաշինյանը հայտարարել էր «1000 դրամների» մասին օրենքի («ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենք) նախագծի քննարկումների ժամանակ:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման աղբյուրը և գույքային վիճակն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը:

Փաշինյանի առաջարկած հանձնաժողովի թիրախում են լինելու Հայաստանի նախագահները, վարչապետները, նախարարները, մարզպետներն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախագիծը ենթադրում է, որ սկսած 1991 թվականից, բոլոր պաշտոնյաների գույքային վիճակը պետք է ուսումնասիրվի:

«Ինչո՞ւ ՀՀ պետական բյուջեում փող չկա, 25 տարվա անկախ պետություն ենք, ու այդ ընթացքում պետք է ունենայինք այնպիսի պետական բյուջե, որի միջոցները հնարավոր կլիներ ծախսել երկրի անվտանգության, բարեկեցության զարգացման համար։ Միևնույն ժամանակ հանրության լայն շերտ կարծում է, որ 25 տարվա ընթացքում Հայաստանի կառավարիչները իրականացրել են ազգային հարստության ոչ արդյունավետ կառավարում, նույնիսկ հնչում են ավելի խիստ գնահատականներ, որ ազգային հարստությունը թալանվել է»,- նշեց նա։

ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի հարցին, թե ինչ արդյունք է տալու այս նախագիծն իրագործվելու դեպքում, Փաշինյանը պատասխանեց.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է իմանան, թե իրենց ծառաները ծառայության ընթացքում որքանով են նպաստել իրենց երկրի և իրենց ընտանիքների բարեկեցությանը: Նպատակը հետևյալն է՝ ի վերջո իմանալ` Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն ում հետ ինչքան և քանի տոկոսով է փայ մտել կամ չի մտել, Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման ընթացքում 4 միլիարդ դոլարի ունեցվածք կուտակել է, թե ոչ, և մենք բոլորս` պատգամավոր լինելու ընթացքում միլիոններ կուտակել ենք, թե ոչ, մենաշնորհներ ստացել ենք, թե ոչ, օֆշորային գոտիներում փող կուտակել ենք, թե ոչ: Նպատակը սա է, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի»:


Լուսանկարը` Մարինե Մանուչարյանի

Մեկնաբանել