Ազատության փարոսը խամրում է․ Ալեքսիս Օհանյանը՝ Թրամփի հրամանագրի մասին

Երկուշաբթի Reddit-ի՝ առցանց քննարկումների սոցիալաան հարթակում այդ ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի տեղադրած բաց նամակը, որում վերջինս իր բողոքն է հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանի առթիվ, կայծակնային տարածում է գտել։ Օհանյանը կոչ է արել Reddit-ի օգտատերերին՝ գրել իրենց կարծիքները։

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նախագահական հրամանը 90 օրով կասեցնում է ԱՄՆ-ի՝ փախստականների ընդունման ծրագրի գործողությունը, ինչպես նաև արգելք դնում Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների մուտքի վրա։ Նրանք, ովքեր հրամանի՝ ուժի մեջ մտնելու պահին թռիչքի մեջ էին, բերման են ենթարկվել ԱՄՆ հասնելուն պես՝ անգամ ունենալով գործող ամերիկյան վիզաներ կամ մուտքի թույլտվության այլ փաստաթղթեր։

Ալեքսիս Օհանյանի կոչն անպատասխան չմնաց. չորեքշաբթի օրվա դրությամբ նրա գրառումն արդեն 111 000 լայք ուներ (Reddit-ում հավանել-չհավանելը սլաքներով է ցուցադրվում) և ավելի քան 32 000 մեկնաբանություններ։ Դա Reddit-ի 11 տարիների պատմության 30 թոփ թեմաների ցանկը մտավ։ Համեմատության համար նշենք, որ Reddit-ում Օբամայի գրառումը չորս տարի անց ունի 216 000 լայք և զբաղեցնում է 2-րդ տեղը։

Օհանյանը գրում է ԱՄՆ-ի պատմության մեջ ներգաղթյալների ունեցած կարևոր դերի մասին, ինչպես նաև պատմում իր անձնական պատմութունը՝ նշելով, որ իր հայրը փաստաթղթեր չունեցով ներգաղթյալ էր Գերմանիայից, իսկ իր պապիկի հայրը մանկահասակ տարիքում մազապուրծ փրկվել էր Հայոց ցեղասպանությունից։

Ալեքսիս Օհանյանի նամակից

«Երկու շաբաթ արտերկրում անցկացնելուց հետո ես անհամբեր սպասում էի ԱՄՆ վերադառնալուն, բայց Լոս Անջելեսի օդանավակայանում ինքնաթիռից իջնելիս արդեն վստահ չէի՝ ինչ երկիր եմ վերադառնում։

Նախագահ Թրամփի վերջին հրամանագիրը ոչ միայն ըստ էության հակասահմանադրական է, այլև խորապես հակաամերիկյան։ Ի վերջո, մենք ներգաղթյալների երկիր ենք։

Իմ նախնիները քաջ փախստականներ էին, որոնք տուն գտան այս երկրում։ Ես միշտ հպարտացել եմ՝ ապրելով մի երկրում, որը գրկաբաց ընդունել է տարօրինակ երկրներից եկած, մահից մազապուրծ եղած ներգաղթյալներին, երկիր, որն ուղի բացեց ընդամենն այստեղ աշխատել ու ընտանիք ստեղծել երազող մի կնոջ համար»։

Առանց նրանց չէի լինի ես, չէր լինի Reddit-ը։ Մենք ամերիկացիներ ենք։ Եկեք չմոռանանք, որ որպես ազգ բարգավաճել ենք՝ փարոս լինելով խիզախ, հոգնած, աղքատ, փոթորկից փրկված ներգաղթյալների համար»։

Հենց հիմա, Ազատության արձանի փարոսը խամրում է, և այդ պատճառով այժմ առավել քան երբևէ կարևոր է բարձրաձայնել և աջակցել բոլոր նրանց, ում համար է այն ճառագում է՝ անցյալում, այժմ և ապագայում»։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել