Որ երկրից և որքան մարդասիրական օգնություն է ստացել Հայաստանը

2016-ին Հայաստանը ԱՄՆ-ից, Չինաստանից և Շվեյցարիայից ընդհանուր ստացել է մոտ 23 միլիոն դոլար։ Ռուսաստանի մարդասիրական օգնությունը կազմել է 14 000 դոլար։

Հայաստան ներմուծված մարդասիրական օգնության ծավալները 2016-ին նվազել են, ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2016-ի մակրոտնտեսական ցուցանիշների։

Եթե 2015-ին Հայաստանը ստացել էր գրեթե 50 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն, ապա 2016-ին այդ ծավալները հասնում են մոտ 46 միլիոն դոլարի։

Ընդհանրապես, վերջին տարիներին Հայաստան ստացվող մարդասիրական օգնության ցուցանիշները նվազում են։ Ըստ տարիների մարդասիրական օգնության ծավալները կազմել են (ԱՄՆ դոլար)․

2016՝ 46 միլիոն,

2015՝ 49 միլիոն,

2014՝ 50 միլիոն,

2013՝ 57 միլիոն,

2012՝ 58 միլիոն։

Վերջին առնվազն չորս տարիներին Հայաստանը ամենամեծ մարդասիրական օգնությունը ստանում է երեք երկրներից՝ ԱՄՆ-ից, Չինաստանից և Շվեյցարիայից։ 2016-ին, օրինակ, ԱՄՆ տրամադրած օգնությունը կազմել է ավելի քան 9 միլիոն դոլար, Շվեյցարիայինը՝ 7 միլիոն, իսկ Չինաստանինը՝ 6․5 միլիոն։

2016-ին ստացված մարդասիրական օգնության կեսից ավելին՝ 51․7 տոկոսը, կազմել է քիմիայի ու դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը։ Ստացված օգնության 14․3 տոկոսը մանագործական իրեր են։ 2016-ին Ռուսաստանից ստացված մարդասիրական օգնության ծավալները կազմում են ընդամենը 14 հազար դոլար։ Իսկ ընդհանրապես, ԱՊՀ երկրների Հայաստան ուղարկած մարդասիրական օգնությունը կազմել է ընդամենը 17 հազար դոլար։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել