Ռումինիայում բողոքի ալիքը կառավարությանը ստիպել է չեղարկել իր որոշումը

Ռումինիայում ի նշան բողոքի փողոց է դուրս եկել մի քանի հարյուր հազար մարդ՝ չնայած կառավարությունը չեղարկել է սկանդալային որոշումը, որը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել երկրում։

Կիրակի օրը Ռումինիայի իշխանությունները չեղյալ էին հայտարարել որոշումը, որը քրեական պատասխանատվությունից ազատում էր այն պաշտոնյաներին, որոնք կառուպցիայի հետևանքով 47,5 հազ․ դոլարից պակաս վնաս են հասցրել։

Ռումինիայի քաղաքացիները, այդուհանդերձ, չեն հանդարտվել և շարունակում են բողոքը՝ մտավախություն ունենալով, որ կառավարությունը կարող է խմբագրել հրամանը և այն ուղարկել խորհրդարանի հաստատմանը։

Այժմ վեց օր շարունակ բողոքող ռումինացիները պահանջում են կառավարության հրաժարականը։

AFP գործակալության տվյալներով՝ Բուխարեստում և ռումինական այլ քաղաքներում անցած ակցիաներին մասնակցել է ընդհանուր առմամբ 500 հազ․ մարդ։

BBC-ն նկատում է, որ բողոքի այս ալիքը խոշորագույնն է Ռումինիայում 1989թ․ կոմունիստական ռեժիմի անկումից ի վեր։

Կառավարության սկանդալային որոշումը պետք է ուժի մեջ մտներ փետրվարի 10-ին և կարող էր պաշտպանել տասնյակ քաղաքական գործիչների, որոնք մեղադրվում են կոռուպցիայի մեջ։

Համաներվածների թվում կարող են հայտնվել, այդ թվում, իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Լիվիու Դրագնյան, որը պայմանականորեն դատապարտված է 24 հազ․ եվրոյի վնասով կոռուպցիայի գործով, ինչպես նաև մեդիամագնատ Դան Վոյկուլեսկուն, որը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման փողերի լվացման համար։

Ռումինիայի իշխանությունների մտահղացմամբ՝ կարճ ժամկետների դատապարտված կոռուպցիոներների պատժի մեղմացումն ու համաներումը թույլ կտան հաղթահարել բանտերի ծանրաբեռնվածության խնդիրը։

Արևմտյան ինը երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, ավելի վաղ իրենց մտահոգությունն են հայտնել կառավարության որոշմամբ, քանի որ այն կարող է խաթարել Ռումինիայի գործընկերությունը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակում։

Ռումինիան Եվրամիության անդամ է 2007 թվականից։

Մեկնաբանել