ՀԱԿ-ը կդիմի Սահմանադրական դատարան՝ ընտրությունների օրը հետաձգելու պահանջով

Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը պատրաստվում է ապրիլի 2-ին` խորհրդարանական ընտրություններ նշանակելու Սերժ Սարգսյանի հրամանագրի սահմանադրականությունը վիճարկել Սահմանադրական դատարանում։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Ընտրությունները հետաձգելու հնարավորության մասին ավելի վաղ բարձրաձայնել էր ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանը։ «Հոգևոր Հայաստան» նախաձեռնությունը պահանջել էր փոփոխել խորհրդարանական ընտրությունների օրը՝ հարգելով անցյալ տարի ապրիլի 2-ին սկսված քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը։ Սերժ Սարգսյանն էլ ՀՀԿ խորհրդի նիստում չէր բացառել, որ քաղաքական ուժերի հետ համաձայնության արդյունքում հնարավոր է ընտրությունների օրը փոփոխվի։

«Այդ հրամանագիրը հակասում է Սահմանադրության մի քանի նորմերին։ Այն հիմքերը որ առկա են, լրիվ բավարար են, որ դիմենք ՍԴ։ Գագիկ Ջհանգիրյանի կողմից հեղինակվել է մի դիմում՝ ուղղված Սահմանադրական դատարանին, որը հայտ է ներկայացնում անվավեր ճանաչելու այդ հրամանագիրը»,- իր ոխսքում ասաց Զուրաբյանը։

Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն։ Զուրաբյանը կոչ արեց պատգամավորներին միանալ իրենց նախաձեռնությանը։