ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է բենզինի թանկացման պատճառները

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումասիրում է բենզինի գնի թանկացման պատճառները․ այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեց ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը։ Անցյալ շաբաթվանից հանրապետությունում բենզինի գինը թանկացել է 20 դրամով։

«Հոկտեմբերին բենզինի գինը 350-ից դարձավ 330 դրամ, որը պահպանվեց մինչև հունվարի վերջին օրերը։ Հունվարի 28-29-ին կրկին թանկացավ 10 դրամով՝ դառնալով 340 և արդեն անցյալ շաբաթվանից թանկացել է 20 դրամով։ Մենք պահանջել ենք փաստաթղթեր տնտեսվարողներից, որպեսզի հասկանանք՝ ինչն է փոխվել գնագոյացման շղթայում և ինչն է ազդել գնի վրա»,- ասաց Սահակյանը՝ նշելով, որ իրենց եզրակացությունը կհայտնեն մի քանի օրից՝ փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո։

ՍիվիլՆեթը փորձեց կապ հաստատել խոշոր ներկրողներ «Ֆլեշ» ու CPS ընկերությունների հետ։ Առաջինում մեր զանգերին չպատասխանեցին, իսկ երկրորդում ասացին, որ «մասնագետը քաղաքում չէ», և ընկերությունում հարցերին պատասխանելու «որևէ այլ իրավասու անձ չկա»։

Սիվիլնեթը միևնույն ժամանակ այցելեց մի շարք բենզալցակայաններ։ Այսպես՝  «Ֆլեշ» ու CPS բենզալցակայաններում «ռեգուլյար» տեսակի բենզինը 360 դրամ է, իսկ «պրեմիում» տեսակինը՝ 380 դրամ։ Աշխատողները հաստատեցին գների փոփոխությունը։ Միայն MaxOil բենզալցակայանում «ռեգուլյար» տեսակի բենզինը 350 դրամ էր, իսկ «պրեմիում» տեսակինը՝ 380 դրամ։