Էռնեկյանը «Զվարթնոց»-ի մոտ ծրագրում է խոշոր խաղատուն կառուցել․ ՀԺ

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը որոշում է կայացրել «Զվարթնոց» օդանավակայանին հարող տարածքում զվարճանքների մեծ համալիր կառուցել․ այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթ՝ վկայակոչելով իր հավաստի աղբյուրները։

«Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «թիմը» վերջնական որոշում է կայացրել «Զվարթնոց» օդանավակայանին հարող տարածքում զվարճանքների մեծ համալիր կառուցել, որի կազմում լինելու է նաև խաղատուն:

Ներկայումս Երևանի մերձակայքում գործող միակ խաղատունը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոնն» է, որն ըստ էության գրավել է խաղատնային բիզնեսի ողջ շուկան ու հսկայական շահույթներ է ապահովում սեփականատիրոջը:

Օդանավակայանի մերձակայքում կառուցվելիք խաղատունը առաջին հերթին հարվածելու է հենց «Փարավոնին» ու զրկելու է նրան գրեթե մենաշնորհ ունեցող կարգավիճակից: Փորձը ցույց է տալիս, որ Էռնեկյանը որևէ բիզնես հիմնադրելիս առաջնորդվում է ամենաբարձր ստանդարտներով, և միևնույն դաշտում նրա հետ մրցելու համար անհրաժեշտ են ավելի բարձր ստանդարտներ, ինչին Ծառուկյանը դժվար թե կարողանա հասնել երբևէ:

Դժվար է պնդել, իհարկե, թե նման որոշում Էռնեկյանը կայացրել է ինչ-որ քաղաքական դրդապատճառներով, բայց որ ծրագիրը իրականացնելու դեպքում նմանատիպ հետևանքներ կլինեն, թերևս կասկածից վեր է»:

Էդուարդո Էռնեկյանի ներդրմամբ է կառուցվել «Զվարթնոց» օդանավակայանի նոր համալիրը, որի հավատարմագրային կառավարումը և իրականացնում է ներկայում։ Էռնեկյանը Հայաստանի խոշորագույն ներդրողներից է, ներդրումներ ունի բանկային ոլորտում, գինեգործությունում և այլն։

Մեկնաբանել