Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտուրը 2016-ին 2015-ի համեմատ աճել է 15 տոկոսով՝ հասնելով 1,187 մլրդ դոլարի։ Այս մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության 2016-ի հունվար-դեկտեմբեր ամիսների մակրոտնտեսական ցուցանիշների ամփոփագրում։
Իրանի հետ առևտրի ծավալները նվազել են 15 տոկոսով։ Եթե 2015-ին Հայաստանի՝ Իրանի հետ առևտրի ծավալները կազմել էին 280 մլն դոլար, ապա 2016-ին՝ 239 միլիոն։ Փոխարենը 27 տոկոսով աճել է առևտրաշրջանառությունը հարևան Վրաստանի հետ՝ կազմելով 245 միլիոն դոլար։
Արտաքին առևտրի աճ է գրանցվել ԵՏՄ անդամ երկու երկրների՝ Բելառուսի ու Ղազախստանի հետ։ Եթե Բելառուսի հետ առևտրաշրջանառությունն աճել է 15 տոկոսով, ապա Ղազախստանի հետ՝ 45 տոկոսով։ Իսկ Ուկրաինայի հետ առևտուրը նվազել է 16 տոկոսով։
Աճ է նկատվում Եվրոպական Միության երկրների հետ առևտրաշրջանառությունում։ Եթե 2015-ին ընդհանուր առևտուրը կազմել էր 1,193 մլրդ դոլար, ապա 2016-ին այն կազմել է 1,219 մլրդ դոլար։ Հայաստանը շեշտակիորեն՝ 77 տոկոսով առևտրի ծավալները մեծացրել է Բուլղարիայի հետ և 88 տոկոսով՝ Կիպրոսի հետ։ Իսկ Գերմանիայի հետ առևտրաշրջանառությունը նվազել է 5 տոկոսով։
6 տոկոսով Հայաստանը նվազեցրել է առևտուրը Չինաստանի հետ։ Ընդհանուր առմամբ ԱՊՀ երկրների հետ առևտրաշրջանառությունը աճել է 11 տոկոսով, իսկ Եվրոպական Միության հետ ավելի քան 2 տոկոսով։