ՄԻԵԴ-ը պահանջում է «Սասնա ծռերից» Հովհաննես Հարությունյանի բժշկական փաստաթղթերը. Armtimes.com

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի կառավարությունից պահանջել է մինչև փետրվարի 15-ը տրամադրել «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական բոլոր փաստաթղթերը, այս մասին Armtimes.com-ին է հայտնել վերջինս փաստաբանը:

Հայարփի Սարգսյանը նշել է, որ ավելի վաղ գանգատ է ներկայացրել դատարանի կանոնակարգի 39 կանոնի կարգով, որպեսզի Հարությունյանին անհապաղ տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց:

«Այդ իսկ պատճառով ՄԻԵԴ-ը օրեր առաջ հարցում է կատարել ՀՀ կառավարությանը՝ տրամադրելու իմ պաշտպանյալի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև Հովհաննես Հարությունյանի առողջական ներկայիս վիճակի վերաբերյալ տեղեկատվություն»,- նշել է փաստաբանը:

Հարցին, թե ինչպիսի՞ զարգացումներ կարող են հաջորդել, եթե ՀՀ կառավարությունը մինչև փետրվարի 15-ը չներկայացնի պահանջված թղթաբանությունը: Ի պատասխան՝ պաշտպանը նկատեց՝ նման դեպքերում ՄԻԵԴ-ը որոշում է կայացնում այն փաստաթղթերի հիման վրա, որոնք ավելի վաղ իր կողմից ներկայացվել են:

«Գանգատին կից՝ ես ներկայացրել եմ նաև պաշտպանյալիս առողջական վիճակի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, որոնք փաստաբանական հարցումների հիման վրա մինչ այժմ տրամադրվել են ինձ: Ես մի ամբողջ փաթեթ եմ ուղարկել և դեռ լրացուցիչ տեղեկատվություն եմ տրամադրում ՄԻԵԴ-ին»,- ասել է նա:

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Մանրամասներն ամբողջությամբ՝ Armtimes.com-ում:

Լուսանկարը՝ Ռուբինա Մարկոսյանի

Մեկնաբանել