Լապշինն արտահանձնվեց Ադրբեջան․ Երևանի ու Ստեփանակերտի արձագանքը

Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը․ այսպես է մեկնաբանել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը երեկ բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը։

Նրա խոսքով՝ միանշանակ է, որ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, լրագրողների, զբոսաշրջիկների հոսքը Արցախ չի կանգնելու, այլ բազմապատկվելու է։

Թվիթերում արած գրառման մեջ Բալայանը շեշտել է, որ Լապշինի հետապնդումը և արտահանձնումը ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։

Փետրվարի 7-ի երեկոյան Բելառուսը Ադրբեջանին արտահանձնեց բլոգեր Ալեքսանդր Լապշինին՝ փաստորեն ստեղծելով վտանգավոր նախադեպ: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Լապշինին Բաքվի օդանավակայանից տեղափոխել են Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, մեկնաբանելով Բաքվից ստացված նկարները, գրել է, որ մինչև ատամները զինված պահակախմբի առկայությունը վկայում է վատ վերաբերմունքի բարձր հավանականության մասին։

Նա գրել է, որ Լապշինի ցուցադրական հետապնդումը հարձակում է խոսքի ազատության և տեղաշարժի ազատության վրա։ Դա պետք է խստագույնս դատապարտվի։

Երեկ Բելառուսի Գերագույն դատարանը մերժել էր Լապշինի բողոքը։ Բլոգերն անգամ ներկա չէր նիստին։

Ինչպես հաղորդում է Times of Israel-ը, Իսրայելի ԱԳՆ-ն, որի քաղաքացի է Լապշինը, հայտարարել է, որ Թել Ավիվը տեղյակ է գործի զարգացումներից և ուշադիր հետևում է դեպքերին՝ կապ պահպանելով համապատասխան կողմերի հետ դիվանագիտական և հյուպատոսական խողովակներով։

Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր անցյալ տարեվերջին Մինսկում՝ Ադրբեջանի դիմումով, որտեղ նրա դեմ հարուցված են մի շարք քրեական գործեր։

Անցյալ շաբաթ Մինսկում մեծ մամուլի ասուլիսի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, պատասխանելով Լապշինի մասին հարցին, զարմանք է հայտնել, որ նա «մինչև հիմա» Մինսկում է։ Նրա խոսքով՝ Բելառուսը բլոգերին չարտահանձնելու համար «հիմքեր չունի», և դա անելու է միջազգային համաձայնագրերի համաձայն։ Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ Գերագույն դատարանը կսատարի որոշմանը։ Նա նաև ասել է, որ «եթե Իսրայելը ցանկանա, այդ մարդու գլխից մեկ մազ անգամ չի ընկնի»։

Մեկնաբանել