Հոգոց հանեք ու լռեք՝ Մինսկն ո՜ւր, Արցախն ո՜ւր

Հավանաբար քչերը գիտեն, թե ինչու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար օգտագործվում «Մինսկի խումբ» անունը։

Եվ, իրոք, Մինսկն ո՜ւր, Արցախն ո՜ւր։

1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ 48 երկրների արտգործնախարարները ունկնդրում են փաստահավաք առաքելությամբ Բաքու, Գյանջա, Աղդամ, Ստեփանակերտ և Երևան այցելած ԵԱՀԿ լիազոր պատասխանատու Յանոշ Կուբիշի զեկույցը։

Արտգործնախարարները որոշում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրով հրավիրել խորհրդաժողով։ Բելառուսը, որ այն ժամանակ «վտարյալ» (изгой) չէր, ցանկություն է հայտնում իր մայրաքաղաքում գումարել խորհրդաժողովը։ Պատերազմի պատճառով, սակայն, խորհրդաժողով այդպես էլ չհրավիրվեց, իսկ ղարաբաղյան կարգավորման աշխատանքային գործընթացը ստացավ «Մինսկի խումբ» անունը։ Խմբի մաս կազմեցին 11 պետություններ, որոնց թվում նաև Թուրքիան, Ռուսաստանն ու Բելառուսը։

Վերջինս, որ Հայաստանի հետ դաշնային հարաբերությունների մեջ է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում, երեկ Ադրբեջանին արտահանձնեց Եկատերինբուրգում ծնված, Ռուսաստանի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին։ Վերջինս 2011 և 2012 թվականներին այցելել էր Արցախ, որից հետո հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակ»-ում։ Ավելին, 2016-ին Լապշինը կարողացել էր այցելել Ադրբեջան։

Սահմանապահներին նա ցույց էր տվել իր ուկրաինական անձնագիրը, որտեղ Ալեքսանդր անունը գրված է ուկրաինական տարբերակով՝ Օլեկսանդր։ Ադրբեջանի սահմանապահներին հիմարեցնելուց բացի՝ Լապշինը մի քանի քննադատական հոդվածներ էր գրել Ադրբեջանի ու Ալիևների դինաստիայի մասին ու պարծեցել։

Ուշագրավ է, որ Լապշինը անշարժ գույք ունի Բաթումում, որը տալիս է վարձով։ Դժվար է ասել՝ եթե Լապշինը այցելեր Վրաստան, ապա Թբիլիսին նրան կարտահանձներ, թե ոչ։

Լապշինը անցնող դեկտեմբերին այցելեց Բելառուս և ձերբակալվեց։ Ավելի վաղ, Բաքվում Իլհամ Ալիևը տիկնոջ ներկայությամբ հյուրընկալված Ալեքսանդր Լուկաշենկոյի վզին կախեց «Հեյդար Ալիև շքանշան»։ Լուկաշենկոն հեռուստաէկրանների առաջ համբուրեց Հեյդար Ալիևի մեդալը։

Մեռելին համբուրելը մեծ բավականություն պատճառեց հայ դիվանագիտությանը՝ մի ծիծա՜ղ, մի հեգնա՜նք։ Հենց այդ հանդիպման ժամանակ և հենց Հեյդար Ալիևի շքանշանը համբուրելուց հետո Հայաստանի դաշնակից Բելառուսի նախագահը խոստացավ վարձահատույց լինել։

Լապշինը արդեն Բաքվի մեկուսարանում է։ Ու հիմա, պարոն հայ դիվանագիտություն, անիմաստ է կռիվ տալ բոլգեր Լապշինի համար, խոսել մարդու իրավունքներից, ադրբեջանական բռնապետությունից, նավթի հոտից, Մեհրիբանի հետույքից։

Հանգստացե՛ք, պարոնա՛յք, արդեն ուշ է որևէ բան անելու համար։

Մի՛ անհանգստացրեք Բելառուսում Հայաստանի դեսպանին, ոչ էլ՝ Հայաստանում Բելառուսի դեսպանին։ Ո՛չ էլ բոյկոտեք բելառուսական տրակտորն ու կաթը։ Եթե մենք բոյկոտող հասարակություն լինեինք, ապա կբոյկոտեինք թուրքականը։

Լապշինի շուրջ ստեղծված այս դիվանագիտական փոքր ճակատամարտում մենք տանուլ ենք տվել։

Բայց անգամ պարտությունից պետք է դասեր քաղենք։ Եթե չենք կարողանում ուրիշների սխալների վրա սովորել, ապա սովորենք մե՛ր սխալների վրա։

Ինչ դասեր քաղեցինք

Առաջին․ պետք է հասկանանք, որ Ադրբեջանը 90-ականների սկզբի քանդված պետությունը չէ։ Թեկուզ ավտորիտար, բայց Ադրբեջանը ունի լուրջ կարևորություն ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Հայաստանի գործընկերներ Ռուսաստանի և Բելառուսի, ինչպես նաև՝ Իսրայելի համար։ Հակառակ դեպքում, Լապշինը այսօր չէր լինի Բաքվի մեկուսարանում։

Երկրորդ․Լապշինի շուրջ ստեղծված դիվանագիտական պայքարը ներառել էր միանգամից հինգ ճանաչված և մեկ չճանաչված երկրների՝ Ռուսաստան, Իսրայել, Բելառուս, Ադրբեջան, Հայաստան և Արցախ։ Չորս երկրներ, հաշվի առնելով իրենց տարաբնույթ շահերը, պարտված դուրս չեկան այս մինիճակատամարտից։ Վնասով դուրս եկան Հայաստանն ու Արցախը։ Դա խոստովանելը ամոթ բան չէ։ Ամոթն այն է, երբ դիվանագիտությունը ծառայեցնում ես ներքին քարոզչությանը։ Կամ երբ տանուլ տալուց հետո հոխորտում ես՝ չձեռնարկելով կոնկրետ գործողություններ։

Երրորդ․ Լապշինի արտահանձնումը վտանգավոր նախադեպ կարող է լինել բոլոր նրանց համար, ովքեր այցելում են Արցախ կամ մտադիր էին այցելել։

Չորրորդ․տպավորությունն այնպիսին է, որ ոչ թե Հայաստանն է ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ, այլ Ադրբեջանը։ Եթե անգամ Հայաստանը դատապարտված է լինել այդ կառույցների անդամ, քանի որ շղթայված է ռուսական շղթաներով, ապա պաշտոնական Երևանը գոնե պետք է օրակարգում ունենա նման կառույցներում իր լինելու նպատակահարմարության հարցը։ Գոնե՝ օդում։ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ երկու պետություն՝ Ռուսաստանն ու Բելառուսը, զենք են վաճառում Ադրբեջանին, երրորդ անդամը՝ Ղազախստանը, հրապարակավ քաղաքական և դիվանագիտական աջակցություն է հայտնում Ադրբեջանին, հոգոց հանել տալիս Սերժ Սարգսյանին։ Սա աննորմալ երևույթ է, որտեղ իր մեղքի բաժինն ունեն նաև Հայաստանն ու հոգոց հանողը։

Հինգերորդ․ եկեք չնեղսրտենք, երբ տարբեր պետություններ ու պաշտոնյաներ հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչված պետություն չէ։ Երբ Հայաստանը անգամ չի ճանաչում (նպատակահարմար է, թե ոչ, քննարկման այլ թեմա է, որը հնարավոր չէ քննարկել, քանի դեռ իշխում է ուռա-պատրիոտիզմը), ապա այլ երկրներից ու առաջնորդներից չպետք է ավելին պահանջել։

Թաթուլ Հակոբյան

Մեկնաբանել