Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը փետրվարի 16-ին պաշտոնական այց կկատարի Բելգիա, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները Եվրամիության առաջին դեմքերի հետ։ Այս մասին Բիշքեկում մամուլի ասուլիսին հայտարարել է Ղրղզստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Չեզարե դե Մոնտիսը։
ԵՄ պաշտոնյան ասել է, որ այցի օրակարգում ներառված է ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի քննարկումը, որը կոչված է փոխարինել 20 տարի առաջ կնքված փաստաթուղթը։ Առաջիկա այցը Ղրղզստանի նախագահի երրորդ այցն է Բրյուսել վերջին 3,5 տարում՝ նախորդները կայացել էին 2013 և 2015թթ․ և դե Մոնտիսի խոսքով՝ «բավական օգտակար էին երկկողմ կապերի համար»։
Ղրղզական Kabar լրատվականի փոխանցմամբ՝ Բիշքեկում ԵՄ պատվիրակության ղեկավարն ասել է․ «Ակնկալվում է, որ ղրղզ նախագահը ԵՄ-ից կխնդրի առավելագույն օժանդակություն երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման համար՝ ոչ միայն ֆինանսական, այլև համալիր։ Նախագահի խնդրանքները, ինչպես ակնկալվում է, կողջունեն ԵՄ-ում»։
«Ազատություն» ռադիոկայանի ղրղզական ծառայության փոխանցմամբ՝ Չեզարե դե Մոնտիսը Ալմազբեկ Աթամբաևին բնութագրել է որպես «բաց համագործակցության բացառիկ օրինակ»։
«Նախագահը Եվրամիության բարեկամն է, Եվրամիությունը՝ նախագահի»,- ասել է պաշտոնյան։
***
Ղրղզստանը 2015թ․ օգոստոսից Եվրասիական տնտեսական միության անդամ է, որի կազմի մեջ են մտնում նաև Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանը։
Լուսանկարում՝ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Բրյուսել, 2015թ․ մարտ