«Հաց բերողին» տեղափոխում են Հատուկ քննչական ծառայություն. Հետք (լրացում)

«Հետք» պարբերականը գրում է, որ Արթուր Սարգսյանին (Հաց բերող) տեղափոխում են Հատուկ քննչական ծառայություն: ՍիվիլՆեթի հետ զրույցում Արթուր Սարգսյանի փաստաբանը` Տիգրան Եգորյանը հաստատեց լուրը, նշելով, որ գնում է Հատուկ քննչական ծառայություն, որից հետո կկարողանա մանրամասներ հաղորդել:

Հուլիսին Երևանում Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման օրերին Արթուր Սարգսյանը իր մեքենայով սնունդ էր հասցրել գունդը պաշարած «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին։ 

Սարգսյանը հինգ ամիս գտնվում էր կալանքի տակ, և մեղադրվում է պատանդներ պահելուն և զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ: Սարգսյանի առողջական վիճակը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վատացել էր, նա տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա նորից տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ:

Այն բանից հետո, երբ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից պարզաբանումներ էր պահանջել Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ, դեկտեմբերի 31-ին Արթուր Սարգսյանը կալանքից ազատ էր արձակվել:

«Հետք»-ը գրում է, որ «հաց բերող» Արթուր Սարգսյանը ձերբակալված է և այս պահին գտնվում է ՀՔԾ-ում:

Արդեն կա ձերբակալման մասին որոշում և համապատասխան արձանագրություն: Սարգսյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հայտնել է, որ ձերբակալման համար որպես հիմք նշվել է վարույթ իրականացնող մարմնի կանչով չներկայանալը, սակայն, միևնույն ժամանակ, ըստ փաստաբանի, Արթուր Սարգսյանը վարույթ իրականացնող մարմնի կողմից որևէ ծանուցագիր չի ստացել:

 Ծաղրանկարը՝ Մեդիալաբի։