Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ծավալուն հարցազրույց է տվել «Ռիա նովոստի» գործակալությանը՝ անդրադառնալով երեկ բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջան արտահանձնմանը, ղարաբաղյան կարգավորմանը, ռուսաստանյան սպառազինություններին։
Մամեդյարովին «վրդովեցնում» և «զարմացնում է» Լապշինի հարցի «չափից դուրս քաղաքականացումը»․ «Նրան անընդհատ անվանում են բլոգեր։ Իսկ եթե ինժեներ լիներ, նրանով չէ՞ին հետաքրքրվելու։ Նա օրենքներ է խախտել, հարուցվել է քրեական գործ, որի հիման վրա Ինտերպոլում հարցում է տեղադրվել, որի համաձայն էլ նրան ձերբակալել է բելառուսական կողմը՝ ԱՊՀ-ի շրջանակում Քիշնևյան կոնվենցիայի համաձայն։ Ամեն ինչ արված է օրենքի շրջանակում։ Շահարկումներն այն հարցի շուրջ, թե նա բլոգեր է, չեն ենթադրում նրա անձեռնմխելիությունն օրենքի առաջ»։
«Մենք նոտա ենք ստացել ռուսական և իսրայելական դեսպանություններից այդ հարցով։ Վաղը, մյուս օրը ՌԴ հյուպատոսը հանդիպելու է Լապշինին Վիեննայի կոնվենցիայի համաձայն։ Դեսպանությունները նրա հետ շփման մատչում են ունենալու»,- ասել է ադրբեջանցի նախարարը։
Ղարաբաղյան կարգավորմանն անդրադառնալով՝ Մամեդյարովը շարունակել է վերջին շաբաթներին պաշտոնական Բաքվի նախաձեռնած քարոզարշավը Լելե Թեփե բարձունքին հարակից Ջոջուք Մերջանլի գյուղի շուրջ՝ պնդելով, որ «ցավոք, օկուպացված տարածքները ազատագրվում են միայն ռազմական ճանապարհով»։ Ադրբեջանական լրատվամիջոցները վերջերս պարբերաբար գրում են գյուղի վերականգնման և վերաբնակեցման մասին, որոնք իրականցվում են անձամբ Իլհամ Ալիևի հրամանով։ Ադրբեջանական վարկածով՝ գյուղն ազատագրվել էր քառօրյա պատերազմի օրերին, մինչդեռ Ջոջուք Մերջանլի գյուղը 1993-ի աշնանը ռազմական գործողությունների ընթացքում անցել էր հայկական ուժերի վերահսկողության տակ։ 1994-ի հունվարին ադրբեջանցիները կռիվներով այն հետ էին վերցրել: Գյուղը շատ մոտ է շփման գծին, և այդ պատճառով այն գրեթե հնարավոր չէր բնակեցնել:
Մամեդյարովի խոսքով՝ իր նախարարության շրջանում կողմերը մի քանի անգամ «մոտ էին բեկմանը»։ Նա կրկնել է բազմիցս հնչեցրած միտքը, որ «ստատուս քվոն ոչ ոքի չի բավարարում, բացառությամբ հայկական կողմի»։
Մամեդյարովը հերթական անգամ հայտարարել է, որ «զինվորները պետք է վերադառնան զինանոցներ», ինչն էլ կբացի «հսկայական հնարավորություններ, իսկ դա ծրագրի մի մասն է»։
Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափի մասին Մամեդյարովն ասել է, որ դա այն է, ինչ ընթանում է ներկայում։ Նա պատմել է, որ անցյալ ամիս Մոսկվայում Լավրովի հետ քննարկել է այդ ծրագիրը։
«Բոլորը քաջատեղյակ են՝ ինչ ծրագիր է և ինչպես պետք է առաջնորդվենք դրանով, ամեն ինչ ամրագրված է, սակայն անհրաժեշտ է քաղաքական կամք։ Տվյալ դեպքում ոչ մերը, այլ հայկական կողմինը»,- ասել է Մամեդյարովը։
Մեկնաբանելով Ալիևի՝ վերջերս արած հայտարարությունը Ռուսաստանից սպառազինություններ գնելու մտադրության մասին՝ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է, որ ինքը պաշտպանության նախարար չէ և չի կարող ներկայացնել սպառազինությունները ցանկը։
«Որպես արտաքին գործերի նախարար կասեմ՝ պատկերացրեք՝ ինչպես կարելի էր այդ գումարներն օգտագործել տարածաշրջանի զարգացման համար։ Մի կողմից մենք փող ենք ծախսում զենքի վրա, մյուս կողմից ռուսաստանյան սպառազինությունները, թեկուզ վարկով, բայց գնում են Հայաստան։ Վերջին վարկը բացվել էր 200 մլն դոլարի, պատկերացրեք, եթե այն ուղղվեր մարդկանց կենսապայմանների բարելավմանը»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների նոր հանդիպման հարցում, Մամեդյարովի խոսքով, կա ադրբեջանական կողմի «սկզբունքային համաձայնությունը», սակայն «կոնկրետ ժամկետների առաջարկներ դեռ չեն ստացել»։