Բնապահպանության նախարարությունը հավաքագրել է 420 մլն դոլար. Արծվիկ Մինասյան

Բնապահպանության նախարարության ու ոլորտի մասնագետներն այս պահին հավաքագրել են գաղափարներ, որի արժեքը կազմում է 420 մլն դոլար, որից այս պահին կոնկրետ ծրագրերի տեսքով իրականացվում են շուրջ 185 մլն. դոլարի ներդրումային, դրամաշնորհային ծրագրեր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Մինասյանը նշեց, որ բնապահպանության նախարարությունը որդեգրել է շրջակա միջավայրի պահպանության ուղղվող ֆինանսական ռեսուրսների համախմբման և նպատակային ծրագրերի իրականացման քաղաքականություն:

«Ինչպես գիտեք, պետական բյուջեում յուրաքանչյուր տարի ձևավորվում է շուրջ 70 մլն ամերիկյան դոլարին համապատասխան դրամական վճարներ, որոնցից, ցավոք, շատ քիչ մասն է ուղղվում շրջակա միջավայրի բարելավման կոնկրետ ծրագրերի իրականացմանը: Մեր առաջին խնդիրն այս բյուջետային միջոցները տեղափոխել շրջակա միջավայրի պահպանության ծրագրերի, այդ թվում նաև համայնքներում և կոնկրետ տարածքներում ներդրումային ծրագրերի իրականացմանը` խնդիր ունենալով ապահովել շրջակա միջավայրի բարելավումը թե´ ներկա, թե´ ապագա սերունդների համար, բավարար հիմքեր ստեղծել զարգացման տեսակետից»:

Մինասյանը նշեց, որ բնապահպանության նախարարությունը որդեգրել է շրջակա միջավայրի պահպանության ուղղվող ֆինանսական ռեսուրսների համախմբման և նպատակային ծրագրերի իրականացման քաղաքականություն:

Ներդրումային ծրագրերի ոլորտները

Կլիմայի փոփոխություն, բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում և կենսաբազմազանության պահպանություն, ջրային ռեսուրսների պահպանություն, հողերի կառավարում, թափոնների կառավարում:

«Ծրագրերից մեկը վերաբերում է քաղաքային տնտեսություններում էներգաարդյունավետության բարձրացմանը: Սրա արդյունքում մենք տարեկան կրճատելու ենք 580 տոննա CO2, 120 հազար դոլարով նվազեցվելու ենք շահագործման ծախսերը»։

Ըստ նախարարի՝ եթե հաջողության հասնեն, ապա միջազգային կազմակերպությունները պատրաստ են տրամադրել հավելյալ գումարներ՝ դրամաշնորհների տեսքով:

Համաշխարհային բանկ

Մինասյանը նշեց, որ քննարկվող երկրորդ կարևոր գործիքը Համաշխարհային բանկի կողմից առաջարկվող և հաջողություններ գրանցած «Բնապահպանական ծրագիր՝ պարտքի դիմաց» գործիքն է:

«Երբ երկու երկրների միջև կա ձևավորված արտաքին պարտք, այնպիսի զարգացած երկրներ, ինչպիսիք են Ճապոնիան կամ Գերմանիան առաջարկում են զիջել պարտքի որոշակի մասը բնապահպանական ծրագրի իրականացման դիմաց»։

Ջերմուկի և Տաթևի ազգային պարկ

«Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման համար կհատկացվի 5714.27 հազար դոլար, որը կիրականացնի «Լիդիան Արմենիա» ընկերությունը, իսկ Տաթևի տարածաշրջանում ազգային պարկ ստեղծելու համար կհատկացվի 174.41 հազար ԱՄՆ դոլար, որը կիրականացվի Բնության համաշխարհային հիմնադրամի դրամաշնորհով:

Դիլիջանի ազգային պարկ

Դիլիջանի ազգային պարկում նախատեսվում է ստեղծել եղջերուների բազմացման կենտրոն։ Ձեռք է բերվելու 4 արու և 11 էգ եղջերու, իրականացվելու է նաև կենտրոնի աշխատակիցների ուսուցում, կենդանիների խնամք և բազմացում, այնուհետև նրանց ազատ արձակում բնություն և հետագա մոնիթորինգ:

«Դիլիջան ազգային պարկում կովկասյան ազնվացեղ եղջերուների վերաբնակեցման ծրագիրը կարժենա 267 հազար ԱՄՆ դոլար, իսկ կոնկրետ 2017 թվականին՝ կհատկացվի 80 հազար ԱՄՆ դոլար: Այն իրականացվելու է Կովկասի բնության հիմնադրամի դրամաշնորհով»:

Մասնավոր ներդրումներ

«Կարևոր գործիք են նաև մասնավոր ներդրումները, որոնք մեր խորին համոզմամբ՝ արդյունավետորեն կարելի է ներգրավել ոլորտում: Մենք կոնկրետ 185 մլն դոլարի ներդրումային ծրագիր ունենք այս պահին: 2017-ին մենք արդեն ունենք 11,5 մլն դոլարի ներդրում։ Չեն իրականացնում որևէ ծրագիր, որը ենթադրում է վարկային ռեսուրս, այլ օգտագործում ենք դրամաշնորհային ծրագրեր»։

Ալինա Նիկողոսյան

Մեկնաբանել