Ռուսաստանը շարունակելու է քայլեր ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների մերձեցման ուղղությամբ՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով, TASS գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը։
Նա ափսոսանք է հայտնել, որ մինչև հիմա միջազգային միջնորդությամբ կայացված պայմանավորվածությունները, այդ թվում՝ զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման շուրջ, չեն իրագործվել։
Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանն ընդհանուր առմամբ հանդես է գալիս Հարավային Կովկասում անդորրի և կայունության վերականգնման օգտին։
«Մենք խաղաղ կարգավորման այլընտրանք չենք տեսնում»,- ասել է Վոլինկինը։
Նա մեկնաբանել է նաև Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում հայ-ռուսական հարաբերություններում հավանական փոփոխությունների և Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի հնարավոր շրջադարձի հարցը։
«Ապրիլի 2-ին նշանակված ընտրությունները մեզ հետաքրքիր են թվում, քանի որ Հայաստանն անցնում է կառավարման խորհրդարանական մոդելի,- ասել է դեսպանը՝ կարևորելով խորհդարանում «կայուն մեծամասնության» երաշխավորումը, որը, նրա խոսքով, կոչված է ապահովելու Հայաստանում «քաղաքական գործընթացի անընդհատությունը»։
«Հաշվի առնելով տվյալ փաստերը՝ մենք Երևանի կողմից արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխության հիմնավոր պատճառներ չենք տեսնում»,- նկատել է դիվանագետը։
Արդյոք հնարավո՞ր է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումն ու նոր շրջանակային համաձայնագրի կնքումը «հարվածի տակ դնեն ռուսաստանյան շահերը», ինչպես նախկին խորհրդային մի շարք երկրների դեպքում էր հարցադրմանն ի պատասխան՝ Վոլինկինն ասել է, որ երկու պետությունները մտնում են ԵՏՄ-ի և ՀԱՊԿ-ի մեջ՝ ունենալով քաղաքական և տնտեսական պարտավորություններ։
«Ելնելով այդ պարտավորությունների առաջնահերթ լինելուց՝ բնականաբար, ԵՄ-ի հետ հարաբերությունները կառուցվում են ոչ ի վնաս դրանց, և բոլորը դա հրաշալի հասկանում են»,- եզրափակել է դեսպանը։