Վալենտինի պարագան հասկանալի է, Սբ Սարգիսը խնդրահարույց է

Սուրբ Սարգիսը և Վալենտինը գրականության մրցակիցներ են։ Վալենտինի պարագան դեռ հասկանալի է։ Նա սիրո «զոհ» էր։ Սուրբ Սարգիսը խնդրահարույց է։ Ինքն ընդհանրապես սիրո մեջ չկա։ Նա գլխատվել է իր հավատքը չուրանալու համար։ Ոչ մի աղջիկ այս պատմությունում դեր չունի։ Այդ իմաստով քրիստոնեական բոլոր սրբերը, որոնք նահատակվել են Քրիստոսին չուրանալու համար, կարող են սիրո հովանավորի տեղ անցնել։

Եկեղեցու արարքը հասկանալի է՝ ինքը փորձում է կենդանի մարդկանց օրինակներով խոսել սիրո մասին։ Սարգիսը, ասում են, ապրող մարդ է եղել։ Ոչ մի խնդիր։ Բայց նրա կյանքը սիրո օրինակ չէ հանդեպ Քրիստոսի, որի գոյությունը միանգամից մի քանի եկեղեցիների ծնունդ է տվել։ Այսինքն, որի գոյության դաշտում բոլորը ճիշտ են իրենց հերթին, այլապես ինչու է մի եկեղեցին առաքելական, մյուսը՝ կաթոլիկ, երրորդը՝ բողոքական, չորրորդն ընդհանրապես հայտնի է Անգլիկան եկեղեցի անունով։ Մի Աստծո «վրա» տեղի ունեցած այս բաժանումը գրականության մեջ չկա։ Այդ բաժանման զոհերն ի վերջո կենդանի մարդիկ են (հիշենք մեր հոգևորականներից մեկի հայտնի անհեթեթությունը՝ ով առաքելական չէ, հայ չէ)։

Գրականությունը սկսվում է սրտից։ Գրողը մարդն է։ Նրա ասելիքի մղումը հավատը չէ, այլ ճշմարտությունը։ Շեքսպիրի Օթելոն այնքան շոշափելի է, որ խանդելիս հնարավոր չէ նրան «շրջանցել»։ Ոչ մի կրոն իր «արժանիքները» չի գտնում Ռոմեոյի և Ջուլիետի պատմության մեջ։ Քրիստոնեական եկեղեցիները վստահ են՝ եթե սիրո մեջ Քրիստոս չկա, դա ի՞նչ սեր է։

Բայց սերը եղել է նաև Քրիստոսից առաջ։ Սերը բյուրեղացվել է գրականության միջոցով։ Համաշխարհային հանրամատչելի երգերի 90 տոկոսը սիրո մասին է։ Ինչու՞։ Որովհետև բնությունն ավարտուն սիրո օրինակ գրեթե չունի։ Այդպիսի օրինակներ ունի գրականությունը։ Քրիստոսը նույնպես եկել էր սիրո անավարտությունն արձանագրելու։ Ինքը ամփոփ սերն էր, բայց միայն ինքը։ Քրիստոսն ամբողջ Սերն է։ Իսկ դա միջին վիճակագրական մարդու համար շատ է։ Այդպիսի մարդու համար կա գրականությունը։ Ասենք, «Ռոմեոն և Ջուլիետը»։ Որովհետև գրականության մեկնակետը մարդու զգացումներն են, մարդն է։ Նույնիսկ եթե գրականության հերոսը Քրիստոսն է։

Մեր եկեղեցին չի ձևակերպել այն սերը, որի հովանավորը Սուրբ Սարգիսն է։ Դիցուք, կաթոլիկները ձևակերպել են։ Վալենտինի հետ տեղի ունեցածը շատ աշխարհիկ է (սիրահարված զինվորներին Վալենտինը գաղտնի ամուսնացրել է իրենց սիրելիների հետ՝ արհամարելով նրանց չամուսնացնելու մասին Կլավդիոս կայսեր հրամանը, ինչի պատճառով գլխատվել է։ Կայսրը համոզված էր, որ սերը զինվորներին շեղում է ծառայությունից)։ Այն գրեթե հարցեր չի առաջացնում։ Այնտեղ այնպիսի հրաշք չկա, որ յուրաքանչյուրն իրեն չտեսնի նրա պատմության մեջ։ Ահա ինչու կաթոլիկների կամ, նույնիսկ ուղղափառների (ասենք, Դոստոևսկու) սերն այդքան ավելի քրիստոսական է։ Սիրո մասին գրողը գրում է սիրո մասին, Քրիստոսի մասին գրողը՝ Քրիստոսի մասին։

Սերը պտղաբերություն է, իսկ եկեղեցին խրախուսում է, ասենք, կուսակրոնությունը։ Անձամբ ես դրա դեմ ոչինչ չունեմ։ Սուրբ Սարգիսը որդիներ ուներ։ Ենթադրաբար նա էլ է սիրել։ Այսինքն, սիրուց հեռու մարդ չէր։ Եկեղեցին մեկնակետ չունի։ Քրիստոսը զոհաբերության մեկնակետ է, ոչ թե Սիրո։ Որովհետև ինքը հենց Սերն է, որում զոհաբերությունն անխուսափելի է։ Այսինքն, չկա սեր առանց զոհաբերության։ Այսինքն, իմաստ չունի սիրել, եթե ինքդ քեզ չես զոհաբերում։ Հետևաբար սերը Քրիստոսի համար բնական վիճակ է։ Մարդու համար Քրիստոսն սկսվում է զոհաբերությունից։ Որովհետև դա բնական վիճակ չէ։ Ինքը չի կարող իրեն Քրիստոսի տեղը դնել։ Մարդու սերը գոյության այլ միջավայր է, գուցե այն տանում է Քրիստոսի մոտ, ես չգիտեմ։ Բայց այդ միջավայրում բոլոր զգացումները, բոլոր հասկացությունները, արդեն հայտնի բառերը կամ բանաստեղծությունները նոր իմաստ են ստանում։

Սիրո մեջ այս կյանքի կանոնները չեն աշխատում, որովհետև թելադրողն ինքն է, սիրո մեջ գլխավոր փորձությունը հենց կյանքն է՝ կդիմանա՞ս այդ սիրուն, թե ոչ։ Դիմանալուց հետո մինչև վերջ կլինե՞ս նրա մեջ, թե՝ ոչ։ Այսինքն, կյանքը սերը հնարավոր դարձնելու ոչ մի միջոց չունի, սիրահարն իր միջից պետք է գտնի այդ միջոցները։

Սերն այնպիսի բան է, որի համար մարդ սպանելը կամ ինքնասպան լինելը մեկից մեկ է։ Որովհետև սիրո մեջ կյանքը երկրորդական է, ավելին, սերը և կյանքը հակոտնյաներ են։ Իրենց ընդհանուր լեզուն ամուսնությունն է, բայց կյանքում ոչ մի երաշխիք, որ հենց նա էր քո ընտրյալը։ Միջին վիճակագրական մարդը ավելի շաը սիրո կարիք ունի, քան՝ ապրելու։ Նա ամենուր է փնտրում սերը, թեպետ գուցե միշտ չէ, որ գտնելուց հետո պատրաստ է ամեն ինչ զոհաբերել դրան։ Մարդիկ սիրածի մասին ասում են՝ իմ կյանք։ Որովհետև առանց նրա կյանքն արդեն հաշիվ չէ։ Նույնիսկ ընտանիք են թողնում սիրո համար։ Մինչդեռ ընտանիքը հենց կյանքն է իր խաղի կանոններով։

Ոչ մի սիրահար սիրահարվելուց հետո աղոթքներ չի ասում, բայց սկսում է բանաստեղծություն գրել։

Հայտնվեց մեկը, որը քեզ օտարեց կյանքից։ Խաղի բոլոր կանոններն արժեզրկվեցին, կինդ, ամուսինդ և ձեր երեխան արդեն նոր իմաստի մեջ չկան։ Սերը ցանկացած դիմադրողականության դեմ է։ Նույնիսկ շնչառությունդ է խանգարվում։ Կարող ես առողջությունդ կորցնել, ախորժակդ փակվի, գիշերներ չքնել։ Քրիստոսը դիմադրողականության հետ կապված խնդիրներ չի առաջացնում։ Սիրող մարդը խոցելի է, հավատացյալը՝ ոչ: Սիրող մարդուն ծաղրելը կարող է թանկ նստել ծաղրողի կամ ծաղրվողի վրա, հլը փորձեք հավատացյալին ծաղրել։ Պարապ զբաղմունք է, նա անխոցելի է հենց «Քրիստոսով»։ Սիրող մարդը ոչ մի հարցի պատասխանը չունի, նույնիսկ իմաստունը սիրո մեջ մի սովորական տգետ է, հավատացյալը,-չեմ կարող ասել ինչ հրաշքով,-բոլոր հարցերի պատասխանն ունի, սիրող մարդը Քրիստոսին էլ է կրում իր մեջ, հավատացյալը՝ նախ Քրիստոսին։ Սիրող մարդը չի կարող իր հաշիվները փակել սիրո հետ, որովհետև ամեն օր այն նոր վիճակ է, ամեն օր այն քիչ է, հավատացյալը կարող է, նա լցված է Քրիստոսով, որին ոչ մի սեր չի խոցի։ Սիրող մարդը կասկածներ ունի, հավատացյալը չունի ու դա նրան ավելի անկենդան է դարձնում։ Սիրող մարդու մարտահրավերները իր մեջ են, հավատացյալինը՝ մյուսների։

Ես հասկանում եմ եկեղեցու մասնակցությունը սիրուն։ Այն սիմվոլիկ է, եկեղեցին չի էլ հավակնում իշխանություն ունենալ սիրո իրացման մեջ։ Բայց նրա մասնակցությունը կաղում է բանաստեղծականությունից։ Ոչ մի սիրահար սիրահարվելուց հետո աղոթքներ չի ասում, բայց սկսում է բանաստեղծություն գրել։ Սուրբ Սարգսի տոնին պակասում է մարդու հրաշքը՝ Համլետը, Դոն Կիխոտը, Օթելոն, Սայաթ Նովան, Անուշը, Չարենցը։ Ահա թե գրականությունն ինչ հրաշքներ կարող է առաջարկել կամ լինել։ Չէ որ այս հրաշքները նույնպես առանց Աստծո հնարավոր չեն։ Գոնե եկեղեցու տեսանկյունից։

Մեկնաբանել