ՀՀԿ-ն հրապարակել է ռեյտինգային ցուցակները

Առաքել Մովսիսյան, Միհրան Պողոսյան, Սամվել Ալեքսանյան, Ալիկ Սարգսյան և այլք. ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակները պատրաստ են: Փետրվարի 11-ին ՀՀԿ Գերագույն մարմնի նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հրապարակեց տարածքային ցուցակները՝ նշելով, որ համամասնական ցուցակները կհրապարակվեն հաջորդ շաբաթ՝ երեքշաբթի կամ չորեքշաբթի:

Նրա խոսքով՝ 13 ցուցակներում ներառված են Ազգային ժողովի պատգամավորներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, բժիշկներ, դասախոսներ, «նոր դեմքեր և փորձառու դեմքեր»:

Երևանի թիվ 1 ընտրատարածքում, որում ներառված է Ավանը, Նոր-նորքը և Քանաքեռ-Զեյթունը, կառաջադրվեն Ազգային ժողովի պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, Երկրապահ կամավորականներից Ղուկաս Ուլիխանյանը և այլք: Այստեղ առաջադրվել է 12 թեկնածու:

Երևանի թիվ 2 ընտրատարածքում՝ Արաբկիր, Աջափնյակ,Դավթաշեն համայնքներում, հայտնի դեմքերից առաջադրվել են Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը, Ալբերտ Երիցյանը, Արման Բաբլոյանը, Արթուր Գևորգյանը:

Երևանի թիվ 3 ընտրատարածքում առաջադրվել են Սամվել Ալեքսանյանը, Կորյուն Նահապետյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Կենտրոնում՝ Հակոբ Բեգլարյանը, Հարություն Կարապողոսյանը:

Շիրակի մարզում, ըստ Շարմազանովի, առաջադրվել են պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Արման Սահակյանը, Մարտուն Գրիգորյանը (նախկինում ԲՀԿ-ական), Մուշեղ Պետոյանը, նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Ընդհանուր 13 հոգի:

Տավուշում կառաջադրվեն պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Գրիգոր Ավայանը, Հասմիկ Ամիրյանը, նախկին պատգամավոր Վարդան Պետրոսյանը:

Գեղարքունիքում կառաջադրվեն մարզպետ Րաֆֆի Գրիգորյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Կարեն Բոթոյանը, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Մարտունու նախկին քաղաքապետ Բագրատ Հարությունյանը, Սևանից Աշոտ Ավետիսյանը։

Կոտայքում կառաջադրվեն բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, մաքսային և հարկային ծառայության նախկին աշխատող, գեներալ Սամվել Սանամյանը, փոխմարզպետ Համլետ Հայրապետյանը։

Արագածոտնում կառաջադրվեն պատգամավորներ Արագած Ախոյանը, Մնացական Մնացականյանը, ինչպես նաև Բազմասեր Առաքելյանը և շախմատի գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը։

Արմավիրում կառաջադրվեն Սեյրան Սարոյանը, Հրանտ Գրիգորյանը, Առաքել Մովսիսյանը, Նահապետ Գևորգյանը և ևս մի քանի թեկնածու:

Վայոց ձորում կառաջադրվեն Աշոտ Արսենյանը, Նարինե Առաքելյանը;

Սյունիքում կառաջադրվեն մարզպետ Վահե Հակոբյանը, Ավետ Սարգսյանը և այլք:

Լոռիում կառաջադրվեն ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, «Վալլեքս Գրուպի»՝ Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի տնօրեն Լուսինե Մեժլումյանը, ռուսական համայնքի ներկայացուցիչ Օլեգ Իգնատցենկոն:

Արարատում կառաջադրվեն պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանը, Հայկ Հովհաննիսյանը, ներկայիս պատգամավոր Մուրադ Մուրադյանը:

Հատկանշական է, որ ՀՀԿ տարածքային ցուցակներում ընդգրկված չեն Մանվել Գրիգորյանը և Մհեր Սեդրակյանը: ՀՀԿ մամուլի խոսնակը նշեց, որ ցուցակում կան Երկրապահ կամավորական միության այլ ներկայացուցիչներ:

«Եվ այդ իմաստով Մանվել Գրիգորյանի սատարումը ՀՀԿ-ին նորություն չէ: Համագործակցությունը ԵԿՄ-ի հետ և անձամբ Մանվել Գրիգորյանի հետ արդյունավետ է և երկարաժամկետ: Իսկ Մհեր Սեդրակյանի հետ կապված որևէ բան չեմ կարող ասել»,- ասաց Շարմազանովը:

Մեկնաբանել