Ժառանգությունը միանում է Օսկանյան-Օհանյան դաշինքին

Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը կմիանա Վարդան Օսկանյան – Սեյրան Օհանյան ձևավորվող դաշինքին։

Որոշումն ընդունվել է «Ժառանգության»՝ փետրվարի 12-ին կայացած խորհրդի նիստում։

«Երեք պետական գործիչներ՝ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը միանում են և միասնական պայքար են տանելու երկրում արմատապես իրավիճակը փոխելու համար»,- Tert.am-ին ասել է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Ժառանգությունը» բանակցում էր նաև ԵԼՔ դաշինքի հետ, որը միավորում է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր», Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» և Արամ Զ․ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցություններին։ Ի վերջո որոշում ընդունվեց միանալ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ձևավորելիք դաշինքին։

«Ժառանգության» անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ավելի վաղ իր անհամաձայնությունն էր հայտնել դաշինքներին, որոնք «չեն ձևավորվում սկզբունքների և արժեքների հիման վրա»։

Լուսանկարում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը (Ֆոտոլուր)

Մեկնաբանել