Վարձով տրվում են բանտախցեր․ Նիդեռլանդները նոր ծառայություն է առաջարկում հարևան երկրներին

Նիդեռլանդները կանգնած է մի խնդրի առջև, որը շատ երկրներ կերազեին. բանտարկյալների պակաս, գրում է The New York Times-ը։

Մինչ Բելգիան, Մեծ Բրիտանիան, Հաիթին, Իտալիան, ԱՄՆ-ը և Վենեսուելան բանտային գերբնակեցման խնդիր ունեն, Նիդեռլանդները ունի դատարկ բանտախցերի ավելցուկ և նույնիսկ իր որոշ բանտեր վարձով է տալիս Բելգիային ու Նորվեգիային։

Երկու տարի առաջ Նորվեգիան համաձայնվեց 25 միլիոն եվրո ամենամյա վճարում կատարել Նիդեռլանդներին՝ Նորգերհավեն ուժեղացված անվտանգության հաստատության իր 242 բանտարկյալներին երեք տարով տեղավորելու համար: Ավելի վաղ, Բելգիան էր 500 բանտարկյալների ուղարկել Նիդեռլանդներ։

Ըստ Նիդեռլանդների ազգային վիճակագրական ծառայության՝ վերջին ինը տարիներին երկրում հանցագործությունը կրճատվել է մոտ մեկ քառորդով, ինչը 2021-ին կհանգեցնի ևս 3000 բանտախցերի հավելուրդի։

Ռոտերդամի Իրավունքի Էրազմուս դպրոցի պրոֆեսոր Ռենե վան Սվանինգենը պնդում է, որ թվային դարաշրջանում հանցանք կատարելու առավել ռիսկային տարիքի երիտասարդները՝ 12-ից 18-տարեկանները, իրենց օրն անցկացնում են համակարգիչների առջև, ինչը նվազեցնում է փողոցային հանցավորության մակարդակը։

Հոլանդացիներն այս հարցում ստեղծարար մոտեցում են ցուցաբերել. նրանք իրենց տասնյակ բանտերը վերածել են ապաստան հայցողների համար բնակավայրերի։

Ապաստան հայցողների համար կացարանների վերածված բանտերում նախկին բանտախցերը ձևափոխվել են բնակարանների, թեև որոշներում դեռ պահպանվում են բանտախցի դռները։ Հարլեմ քաղաքի Դե Կոպել նախկին բանտում ներքին ընդարձակ բակը վերածվել է ֆուտբոլային դաշտի, որտեղ խաղում են փախստականները։ Որոշ բանտեր նաև ունեն վարժարաններ, խոհանոցներ և բացօթյա այգիներ:

Նախկին Հուգեվեն անվամբ բանտում քանդվել են բարձր պատերն ու փշալարերը, իսկ բանտախցերի դռները փոխարինվել նորերով և կարող են բացվել ներսից դուրս։ Ապաստան հայցողների ընդունելության կենտրոնական գործակալության խոսնակ Յան Անհոլցը նշել է, որ նրանք աշխատում են նախկին քաղբանտարկյալներին չտեղավորել նման վայրերում, որպեսզի վերջիններս վատ չզգան։ «Մենք ուզում ենք, որ մարդիկ իրենց անվտանգ և ապահով զգան», – ասել է նա:

Մեկնաբանել