Թուրքիայի տրանսպորտի, կապի և ծովագնացության նախարար Ահմեթ Արսլանը Կարս կատարած այցի ժամանակ անդրադարձել է Հայաստան-Թուրքիա փակ սահմանին։ Թուրք նախարարը նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու և առանձին ճանապարհների միջոցով ձգտում են Կարսը միացնել տարածաշրջանի հետ։
Թուրքական Milliyet-ի հաղորդմամբ՝ Ահմեթ Արսլանն ասել է․ «Ափսոս, Հայաստանի սահմանը փակ է, երանի, փակ չլիներ։ Սակայն բացելու համար կա մեկ պայման։ Եթե Հայաստանը վերջ տա Ղարաբաղի օկուպացիային ու կարգավորի Ադրբեջանի հետ հարաբերությունները, այդ ժամանակ կբացենք սահմանը»։
Հայաստան-Թուրքիա փակ սահմանի գոյության պայմաններում թուրք նախարարը Կարսի նահանգի զարգացման տեսանկյունից կարևորել է թուրք-վրացական Աքթաշ սահմանադուռը։
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը Լեռնային Ղարաբաղի խնդրով պայմանավորել և նմանաբնույթ հայտարարություններ են արել թե՛ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, թե՛ երկրի՝ իրար հաջորդած արտգործնախարարները։
Վրաց-թուրքական սահմանին՝ Սամցխե-Ջավախեթի շրջանում, 2015թ․ հոկտեմբերի 18-ին բացվել է նոր՝ «Կարծախի» մաքսային անցակետը, որն ամենակարճ ճանապարհով Թուրքիայի կենտրոնական շրջանների հետ կկապի ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը և Կենտրոնական Ասիայի երկրները:
Թուրքական կողմից զուգահեռաբար բացվել է «Աքթաշ-Չըլդըր» մաքսակետը: