Անհետացել է Հաց բերողի եղբայրը

Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մայրը՝ տիկին Դոնարան, «Հետքին» փոխանցել է, որ փետրվարի 11-ի երեկոյան իր որդին՝ Արսեն Սարգսյանը, դուրս է եկել տնից և մինչ օրս չի վերադարձել։ Ըստ տիկին Դոնարայի՝ հնարավոր է՝ Արսենին հետևել և ձերբակալել են կամ էլ նա թաքնվել է՝ հետապնդումից վախենալով։

Արսեն Սարգսյանի անհետացումից ժամեր առաջ նա ՍիվիլՆեթի տաղավարում էր, պատմում էր եղբոր ձերբակալության մանրամասներից։ Արսեն Սարգսյանը կադրից դուրս ասել էր, որ վախենում է՝ իրեն էլ եղբոր պես ձերբակալեն։

«Զարմանում եմ, որ մինչև հիմա հետևիցս չեն եկել ու ինձ իրենց ասած` «չեն սատկացրել»»,- իր մտավախությունն էր կիսել Արսենը։

Տիկին Դոնարան «Հետքին» պատմել է, որ իր ընտանիքն այս պետությանը թշնամի չէ։

«Ապրել ենք մարդավարի, մարդկանց օգնող, հասնող ենք եղել, իսկ հիմա ստացվում է՝ մի որդիս բանտում է՝ հացադուլի մեջ, մյուսն էլ՝ չգիտեմ, թե որտեղ է։ Թող իմ Արսենին հետ բերեն»,- խնդրել է կինը։

Մեկնաբանել