Սարի թաղի գործով կալանավորված Հովհաննես Ղազարյանը ազատ է արձակվել

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ փետրվարի 13-ին, բեկանեց «Հիմնադիր խորհրդարանի» աջակից, Սարի թաղի գործով կալանավորված Հովհաննես Ղազարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Հովհաննես Ղազարյանը աղմկահարույց «Տոնածառի գործի» մասնակիցներից է․ հենց նա էր Նոր տարվան տոնածառի հանդերձանքով մտել Ազատության հրապարակ։

Հովհաննեսի պաշտպան Անի Չատինյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ Վերաքննիչ դատարանի որոշման ներածական մասով վերացվել է Հովհաննեսի նկատմամբ կալանքը, նա կալանքից ազատվել է դատարանի դահլիճում։ Պաշտպանը դատարանի եզրափակիչ որոշումը կստանա օրեր անց. այդ ժամանակ էլ պարզ կդառնան Հովհաննեսի կալանքի երկարաձգումը բեկանելու հիմնավորումները։

Հովհաննես Ղազարյանին մեղադրանք էր առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի երկրորդ մասով՝ մասնակցություն բռնությամբ ուղեկցված զանգվածային անկարգություններին։ Ղազարյանը մեղադրվում էր հուլիսի 29-ին Սարի թաղում «Սասնա ծռեր» զինված խմբին աջակցող հավաքի ժամանակ բախումներին մասնակցելու մեջ։

2015-ի դեկտեմբերի 31-ին Հովհաննես Ղազարյանը տոնածառի կերպարով «Հիմնադիր խորհրդարանի» այլ անդամների և աջակիցների հետ Ազատության հրապարակում էր։ «Տոնածառի գործով» կալանավորված Գևորգ Սաֆարյանը 2017-ի հունվարի 16-ին դատապարտվեց երկու տարվա ազատազրկման։

Ժաննա Պողոսյան

Մեկնաբանել