Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Կլոպին՝ «ճանապարհը ցույց տալու» համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզիչ Յուրգեն Կլոպին խորհրդի համար, որի օգնությամբ կարողացավ հաղթահարել Օլդ Թրաֆորդում իր կարիերայի սկզբնական դժվարությունները։ Այդ մասին նա խոսել է BBC-ի «Ֆուտբոլը՝ դիտակետում» հաղորդաշարին տված հարցազրույցում։

Գերմանիայում՝ Կլոպի գլխավորած ակումբում, Հենրիխը երկու խաղաշրջան էր անցկացրել, որից հետո՝ 2015-ի հոկտեմբերին, Կլոպը ստանձնել էր «Լիվերպուլ»-ի մարզչի պաշտոնը։ 

«Ես շնորհակալ եմ Կլոպին։ Նա ինձ հետ աշխատել է անհատական ու հոգեբանական մակարդակներում»,- ասել է Հենրիխը։   

«Դորտմունդ»-ում շատ էի լարված՝ մեր մի քանի վատ խաղերից հետո։ Կլոպը ինձ ցույց տվեց ճանապարհը: Նա աջակցում էր ինձ և ասում, որ գլուխս միշտ բարձր պահեմ, քանի որ առջևում լավ բաներ են սպասվում։ Նա ինձ օգնեց դառնալ խաղացող»,- պատմում է այս խաղաշրջանում արդեն հինգ գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստը։

«Ընկերական» Մոուրինյոն իր «գործի գիտակն» է

Ըստ Հենրիխի՝ Կլոպը և Մանչեսթերի մարզիչ Մոուրինյոն տարբեր են։

«Նրանք երկուսն էլ շատ ընկերական են և իրենց գործի գիտակն են, սակայն նրանց աշխատելաոճը տարբերվում է։ Այս տարի Ժոզեյի՝ «Յունայթեդ»-ը գլխավորելու առաջին տարին է, և մենք շատ ենք աշխատում։ Նա ասում է այն, ինչ ուզում է տեսնել։ Իհարկե, նոր մարզչի հետ աշխատելը հեշտ չէ. պետք է հարմարվել նրան ու թիմին, մարզումներին ու խաղերին։ Սկզբում մի փոքր դժվարություններ ունեցանք, սակայն նոյեմբերից սկսեցինք հաղթանակներ տանել»,-պատմում է նա։

Մխիթարյանը, որը խոսում է վեց լեզուներով, այդ թվում՝ անգլերեն, Հայաստանի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկի՝ Համլետ Մխիթարյանի որդին է։ Վերջինս մահացել է, երբ Հենրիխը յոթ տարեկան էր։

«Նա էր իմ շարժիչ ուժը, նպատակը, երազանքը։ Ես գիտեի, որ հայրս շարունակում է հետևել ինձ երկնքից։ Պետք է որ հիմա հպարտանա ինձնով»,- ասում է Մխիթարյանը։

Անգլիական «Պրեմիեր Լիգա»-ում գոլ խփած առաջին հայ ֆուտբոլիստը այժմ աշխարհի ամենահայտնի և ամենահարուստ հայերի շարքում է, սակայն Յունայթեդ-ի բազմազգ թիմում նրա պատմությունն արտասովոր է։

«Երբ փոքր էի, դժվարին ժամանակներ էին, Հայաստանը խնդիրներ ուներ հարևանների հետ և պատերազմի մեջ էր։ Նախքան ֆուտբոլիստ դառնալս և երկրից դուրս խաղալս, պետք է պարտադիր զինվորական ծառայություն անցնեի, ինչն էլ արեցի, երբ 20 տարեկան էի։ Միայն դրանից հետո կարողացա փոխել ակումբս»,- պատմել է Մխիթարյանը։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի