Վրաստանի իրավապահ մարմիններին հաջողվել է կանխել առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներից մեկի դեմ մահափորձ։ Հանցագործի թիրախն, ըստ ամենայնի, Գերմանիայում բուժվող Համայն վրաց պատրիարք Իլիա Երկրորդն էր։
Մահափորձի նախապատրաստման կասկածանքով, ինչպես հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն, փետրվարի 10-ին ձերբակալվել է նվիրապետ Գիորգի Մամալաձեն։
Ինչպես տեղեկացրել է դատախազը, փետրվարի սկզբին դատախազություն է դիմել Մամալաձեի ծանոթը, որը պատմել է, որ հոգևորականը դիմել է իրեն՝ ցիանիդ թույն հայթայթելու խնդրանքով։ Մամալաձեն խոստովանել է, որ թունն իրեն անհրաժեշտ է հոգևոր պետերից մեկի դեմ մահափորձի նպատակով։
Փետրվարի 10-ին Մամալաձեն ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում, որտեղից մտադիր էր մեկնել Գերմանիա, որտեղ այս պահին գտնվում է պատրիարք Իլիան։
Մամալաձեի ուղեբեռում հայտնաբերվել է ցիանիդ, նրա տանը խուզարկության արդյունքում հայտնաբերվել հրազեն և զինամթերք։ Մամալաձեն իր մեղքը չի ընդունում։
Քննությունն, ըստ գլխավոր դատախազի, ունի հիմնական վարկած, թե ում դեմ էր նախապատրաստվում մահափորձը։ Վրացական լրատվամիջոցները, այդ թվում՝ «Ռուսթավի 2»-ը, վկայակոչելով իրենց աղբյուրները, հաղորդում են, որ թիրախը Իլիա Եկրորդն էր։
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին երեկ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին «աղետը» կանխարգելելու համար։
Նա ասել է, որ անձամբ վերահսկում հարցը և հետևում է զարգացումներին։
«Հաշվի առնելով իրավիճակի արտակարգ բնույթը՝ իմ անձնական անվտանգության ուժերից եմ ուղարկել Բեռլին՝ տեղում հավելյալ անվտանգություն ապահովելու համար»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Կվիրիկաշվիլին կարևորել է այն փաստը, որ Գերմանիայում Իլիա Երկրորդի վիրահատությունը հաջող է անցել, և նա լավ է զգում։
Համայն վրաց պատրիարք Իլիա Երկորդը Վրաստանում ամենամեծ հեղինակությունը վայելող անձն է, ինչի մասին են վկայում երկրում պարբերաբար անցկացվող հասարակական հետազոտությունները։