Al-Monitor կայքում լույս է տեսել սյունակագիր Մուստաֆա Աքյոլի հոդվածը՝ «Շուտով՝ Էրդողան «Ղեկավարը»» վերնագրով հոդվածը, որը պատմում է Թուրքիայում շուտով էկրաններ բարձրացող ֆիլմի մասին։ Թուրքիայի կինոարդյունաբերության համար աննախադեպ թանկ այս ժապավենը գովերգում է Էրդողանին՝ նրան ներկայացնելով որպես ազգի փրկիչ։ Աքյոլի համոզմամբ՝ անձի պաշտամունքը գնալով՝ ավելի է խորանում Թուրքիայում՝ ստանալով նոր դրևսորումներ։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։
Մարտի 3-ին թուրքական կինոթատրոններում էկրան է բարձրանալու «Reis» թարգմանաբարար՝ «Ղեկավարը» ֆիլմը, որը ներկայացնում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կյանքը մանկությունից մինչև քաղաքական իշխանության գագաթնակետ։ Առցանց հայտնված թրեյլերները կասկած չեն թողնում, որ ֆիլմի գլխավոր կերպարը ներկայացվում է որպես իսկական հերոս։ Ֆիլմի ցուցադրման ժամանակահատվածն էլ պատահական չէ ընտրված՝ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից մի շաբաթ առաջ, որի միակ նպատակը, շատերի կարծիքով, Էրդողանի «միանձնյա ղեկավարության» երկարաձգումն է։ «Ղեկավարը» ֆիլմը ոչ միայն Էրդողանի, այլ նաև Թուրքիայի Հանրապետության մասին է։
Ֆիլմի սկզբնական տեսարաններից մեկը Թուրքիայի պատմության մեջ ամենահակասական արգելքներից մեկի՝ արաբերենով իսլամական աղոթքի կանչի մասին է, որը սահմանվեց 1932թ. միակուսակցական, քեմալիստական վարչակարգի կողմից և տևեց ընդհուպ մինչև 1950թ., երբ առաջին ազատ ընտրությունների արդյունքում իշխանության եկավ ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը։ Ֆիլմում այդ ամենը ներկայացվում է դրամատիկ ոճով։
Երբ մինարեթից հնչում է ոչ պոպուլյար թուրքալեզու աղոթքի կանչը, մի համարձակ իմամ մտնում է մզկիթի բակ և համարձակվում արաբերեն աղոթքի կանչ անել: Նման ռեակցիոն երևույթներին կոշտ արձագանքելու հրաման ունեցող մի զինվոր ստիպում է իմամին դադարեցնել կանչն ու ծեծում է հրացանով։ Սակայն հայտնվում է իմամի թոռն ու խիզախորեն շարունակում երգել՝ չնայած զինված զինվորների ներկայությանը։
Մեկ այլ դրամատիկ տեսարան տանում է դեպի 1961թ․։ Թուրքիան գտնվում է աշխարհիկ զինվորական խունտայի իշխանության տակ, որը տապալել է ժողովրդավարական ճանապարհով ընտրված Դեմոկրատական կուսակցության կառավարությանը: Իմամի թոռն այժմ բարեպաշտ իսլամիստ է։ Զինվորներով լի մի բեռնատար գալիս է երիտասարդի թաղամաս, կոտրում նրա դուռն ու ձերբակալում նրան աղոթք անելիս։ Ավելի շատ դրամատիզմ հաղորդելու համար ծեր ծնողները փորձում են կանգնեցնել զինվորներին և փրկել իրենց որդուն: Նրանց դաժանորեն շպրտում են գետնին, դրվագ, որը հիշեցնում է Հոլոքոստի մասին պատմող ֆիլմերում նացիստների վարքը։
Մինչդեռ այդ նույն թաղամասում մեկ այլ պատանի տխրությամբ և իմաստնությամբ հետևում է այս ամենին՝ կարծես իմանալով, որ այդ մութ օրերը կանցնեն։ Այդ պահին լսվում է Էրդողանի ձայնը՝ հայտնի բանաստեղծությունից հատված արտասանելիս. «Մի՛ թող այս ազգին առանց հերոսի, Աստված իմ»: Այդ երիտասարդ տղան Էրդողանն է՝ հերոս, որին մեկ դար է սպասում էր «այս ազգը»՝ Թուրքիայի կրոնական պահպանողականները։ Դա է, ըստ երևույթին, «Ղեկավարը» ֆիլմի ուղերձը։
Բազմաթիվ այլ զգացմունքային դրամատիկ տեսարաններ, ինչպիսին, օրինակ, 1998թ․ Էրդողանի կարճաժամկետ ազատազրկումն է մեկ այլ աշխարհիկ, ռազմական վարչակարգի կողմից, ընդգծում են հետևյալ հիմնական ուղերձը՝ Անատոլիայի բարի, հավատացյալ, համեստ մարդիկ պարտության մատնեցին Թուրքիայում դաժան, արատավոր, աշխարհիկ ռեժիմին՝ շնորհիվ համարձակ, խիզախ, անզիջում «Ղեկավարի»՝ Էրդողանի։ Նա չի վախենում ոչ մի սպառնալիքից, այդ թվում, մահից, որը ըստ նրա, «Աստծո հետ միավորվել է նշանակում»։ Ֆիլմում անընդհատ ընդծվում է նրա բացառիկ անհատականությունը։
Ո՞վ է նման ֆիլմի հեղինակը․ «Կաֆկասոր» կինոակադեմիան, որը չունի այլ ֆիլմեր, և որի հենց առաջին ֆիլմը կարողացել է ներգրավել զգալի ներդրումներ։ Ֆիլմը նկարահանվել է երկու երկրներում (Թուրքիա և Կիպրոս), հինգ տարբեր քաղաքներում, մասնակցել է 3000 դերասան։ Ընկերության սեփականատերը հայտնել է լրատվամիջոցներին, որ «Ղեկավարը» ֆիլմի բյուջեն 8 մլն դոլար է, ինչը բավականին մեծ գումար է թուրքական կինոարդյունաբերության համար։
Ընդհանուր առմամբ, «Ղեկավարը» ավելի շատ հիշեցնում է քաղաքական քարոզչություն, քան կենսագրական դրամա։ Մեծ քաղաքական առաջնորդների մասին ֆիլմեր նկարահանվում են ժողովրդավարական պետություններում, սակայն որպես կանոն նրանց մահից կամ գոնե իշխանությունից հեռանալուց հետո։ Հաճախ նաև փորձ է կատարվում ֆիլմում հավասարակշռություն պահել՝ ֆիլմի հերոսի ձախողումներով ու ձեռքբերումներով հանդերձ։ «Ղեկավարը» միայն գովաբանում է Էրդողանին, մինչդեռ վերջինս այժմ կանգնած է իշխանության կիզակետում և ուզում է ավելի ընդլայնել ու պահպանել այն: Նա պատրաստվում է ազգին հարցնել՝ արդյոք վերջիններս ուզում են ամենակարող Էրդողան, անորոշ ժամանակով:
Էրդողանի կողմնակիցներից շատերը, ամենայն հավանականությամբ, կհուզվեն սպասվող ֆիլմից, որի թրեյլերներն արդեն իսկ ավելի քան 130 մլն դիտում ունեն։ Սակայն նրանցից շատերին հասու չի լինի պատմական այն հեգնանքը, որ իրենց համար այդքան ատելի թուրքական հանրապետության վաղ շրջանին բնորոշ էր ոչ միայն աշխարհիկության մեծ չափաբաժինը, այլ նաև, ինչպես իրենց դեպքում է, անձի՝ Քեմալ Աթաթուրքի պաշտամունքը։
Այժմ՝ մեկ դար անց, Թուրքիայում ձևավորվում է մեկ այլ անձի պաշտամունք հենց այն մարդկանց ձեռքերով, ովքեր տասնամյակներ շարունակ ծաղրում էին Աթաթուրքի պաշտամունքը: Այս օրերին արձանները նորաձև չեն, սակայն, կա նպատակին հասնելու շատ ավելի ազդեցիկ միջոց՝ ֆիլմ։ «Ղեկավարը» ֆիլմը միայն սկիզբն է: Պրոդյուսերը հպարտությամբ նշել է, որ նախատեսվում են նաև «Ղեկավարը 2» և «Ղեկավարը 3» ֆիլմերը, որոնք բոլորն էլ հերթով էկրան կբարձրանան ամեն տարի՝ փետրվարի 26-ին, Էրդողանի ծննդյան օրը։ Ի վերջո, չէ՞ որ նրա ծննդյան օրը պետք է լինի յուրահատուկ օր ողջ ազգի համար։
Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի