Արգենտինայում առաջարկում են քրեականացնել ցեղասպանության ժխտումը  

Արգենտինայի «Հաղթանակի ճակատ» կուսակցության պատգամավոր Նիլդա Գառեն այս շաբաթ ներկայացրել է ժխտողականությունը քրեականացնող օրինագիծ, որը ներառում է նաև Հայոց ցեղասպանության ժխտումը․ այս մասին Գառեն ասել է Prensa Armenia-ի հետ հարցազրույցում։

Նախագիծը, որը հիմնված է մի շարք եվրոպական երկրների օրենսդրության վրա, նախատեսում է Քրեական օրենսգրքում ամրագրել և պատասխանատվություն սահմանել բոլոր նրանց հանդեպ, ովքեր «հրապարակայնորեն ժխտում, նվազեցնում, արդարացնում և/կամ հավանություն են տալիս ցեղասպանությանը կամ մարդկության դեմ հանցագործությունների ցանկացած դրսևորմանը»:

«Ազգային Կոնգրեսը 2006-ին ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 26,199 օրենքը։ Հետևաբար, պարզ է, որ դա ներառված է մեր առաջարկած նախագծում», -ասել է Գառեն։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ վերջերս Արգենտինա կատարած այցի վերաբերյալ հարցին նա պատասխանել է. «Ես չգիտեմ՝ ինչպիսին է Թուրքիայի արձագանքը։ Սակայն հստակ է, որ Արգենտինայի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է, և Ազգային Կոնգրեսը այդ իշխանության ներկայացուցիչներից մեկն է»,- հավելել է Գառեն։

Նիլդա Գառեն հանգուցյալ նախագահ Նեստոր Քիրշների պաշտոնավարման տարիներին զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը, հետագայում նշանակվել Անվտանգության նախարար՝ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների նախագահության օրոք։ Ներկայում նա Արգենտինայի ներկայացուցիչն է Ամերիկյան պետությունների կազմակերպությունում:

Մեկնաբանել