Հաց բերողի ընտանիքն ահաբեկված է

Արդեն մի քանի օր է, ինչ Արթուր Սարգսյանի՝ հաց բերողի մայրը և եղբայրը չեն նվերադառնում Արարատի մարզի Բյուրավան գյուղի իրենց տուն, որտեղից փետրվարի 9-ին ձերբակալել էին Հաց բերողին՝ Արթուրին։

Նրա եղբայրը՝ Արսենը, փետրվարի 11-ին վերադառնալով գյուղ՝ կրկին ոստիկանական և քաղաքացիական համազգեստով 15-17 անձանց էր նկատել իր տան մոտ և թաքնվել էր՝ խուսափելով հնարավոր հետապնդումներից։

Սարգսյաննների մայրը՝ Դոնարա Պետրոսյանը, դիմել էր «Ազատություն և հայրենիք» հիմնադրամին, որի ներկայացուցիչների և փաստաբանների հետ փետրվարի 14-ին ՍիվիլՆեթի նկարահանող խումբն այցելեց Արսեն Սարգսյանի տուն՝ պարզելու արդյոք ոստիկաններ դեռևս կան տարածքում, և արդյոք որևէ մեկը մտել է տուն տերերի բացակայության ընթացքում։ Տիկին Դոնարան տանը որոշակի փոփոխություններ նկատեց։

«Երբ տանը չենք լինում, ավտոմեքենայի այս պլաստմասե կտորը դնում ենք դռան դիմաց, որ մենք տանը չենք։ Հիմա գցած է այն կողմ, հաստատ տունը մարդ է մտել»,- նկատեց կինը՝ որոշակի փոփոխություններ արձանագրելով նաև ավտոտնակում, տնամերձ հողամասում և տան մեջ։

Սարգսյանների մայրը մտավախություն ունի, որ չնայած որևէ հիմք չկա, սակայն իրավապահ մարմինները այլ պատրվակով կարող են Արսեն Սարգսյանին էլ ձերբակալել։

«Արդեն մտավախություն ունեմ, որովհետև շատ պատմություններ եմ լսել՝ զենք են դնում, զրահ են դնում, նառկոծիկ [թմրանյութ – ՍիվիլՆեթ] են դնում, մարդ են սպանում գցում են էտ մարդու տունը։ Արսենին էլ են ուզում տանեն, ես համոզված եմ ՝ 100 չէ, 1000 տոկոսով»,- ասաց տիկին Դոնարան։

Ներկա փաստաբան Ստեփան Ոսկանյանի խոսքով՝ կարևորը՝ արձանագրվել է, որ տանտերերի բացակայության ժամանակ տեղի է ունեցել սեփականության իրավունքի խախտում․ անձինք են մտել ներս։

«Եվ այժմ մենք պատրաստվում ենք համապատասխան միջոցներ ձեռնարկել պարզելու՝ ովքեր են եկել և ինչ նպատակով։ Նոր դրանից հետո համապատասխան քայլեր կձեռնարկենք»,- նշեց Ոսկանյանը, որը մեկ այլ փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանի հետ հետևում էր տան զննությանը։

Հաց բերողի մայրն ասաց, որ այլևս չի ցանկանում վերադառնալ այդ տուն և պատրաստ է նույնիսկ վաճառել այն։

Անի Գրիգորյան