Շահին Միրզոև. Ես իմ ընտանիքով փախել եմ Ադրբեջանից` մահից խուսափելու համար

Ես Ադրբեջանից ուղղակի փախել եմ իմ ընտանիքով` մահից խուսափելու համար: Կարծում եմ՝ Հայաստան գալով՝ չեմ սխալվել. այսօր Երևանում մեկնարկած «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագրով միջազգային փորձագիտական կոնֆերանսին հայտարարել է թալիշ լրագրող, «Թալիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը, որն օրերս փախել է Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների, նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով և ապաստան ստացել Հայաստանում:

«Ադրբեջանում մոտ 2 մլն թալիշ է ապրում և նրանք, ըստ էության, հայտարարված են պետության թշնամիներ, նրանք զրկված են ԶԼՄ-ներում իրենց խնդիրները արծարծելու հնարավորությունից։ Վերջին տարիներին մոտ 300 հազ․ թալիշ Ադրբեջանից ուղղակի փախել է Ռուսաստան, այնտեղից էլ՝ այլ երկրներ։ Թալիշները բանտարկվում և այլ բռնությունների են ենթարկվում Ադրբեջանում»,- պատմել է Միրզոևը: 

ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման թեման Արցախյան պատերազմի ուշագրավ և քիչ հայտնի դրվագներն էին: Հայաստանցի և օտարերկրյա փորձագետներն ու գործիչները ներկայացրել են 1992թ․ ձմռան ամիսներին Ստեփանակերտի ապաշրջափակման ռազմական անհրաժեշտության հետ կապված իրենց վերլուծությունները՝ զուգահեռներ անցկացնելով 2016թ․ ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետ:

Քննարկվել են նաև ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի ԶՈւ կողմից իրագործված ռազմական հանցագործությունների միջազգային պատասխանատվության հետ կապված խնդիրները` համապատասխան ատյաններում։

Զառա Պողոսյան