«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանին «Արմավիր» ՔԿՀ-ի վարչակազմը թույլ չի տվել տեսակցել իր պաշտպանյալներին, ինչի առնչությամբ Շուշանյանը հայտարարություն է տարածել։
«Ս.թ. փետրվարի 14-ին, մոտավորապես ժամը 11.20-ին այցելել եմ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ պաշտպանյալներիս՝ Ժիրայր Սեֆիլյանին և Վարուժան Ավետիսյանին տեսակցելու նպատակով:
Քրեակատարողական հիմնարկի անվտանգության աշխատակիցները ՔԿՀ պետի տեղակալ Խ. Ավետիսյանի ներկայությամբ մետաղադետեկտոր սարքով ստուգել են ինձ մոտ առկա փաստաթղթերը և հաստատել, որ փաստաթղթերում որևէ մետաղական կամ այլ արգելված իր չկա, որից հետո ՔԿՀ պետի տեղակալ Խ. Ավետիսյանն ինձ հարց է ուղղել, թե արդյոք ինձ մոտ առկա փաստաթղթերում չկան այնպիսի փաստաթղթեր, որոնք պարունակում են քաղաքական կոչեր:
Իմ պահանջից հետո՝ հայտնել, թե ինչ լիազորություն է նա իրականացնում, որ օրենքով է նախատեսված այդ լիազորությունը, նա հեռացավ և ես առաջացա տեսակցությունների համար նախատեսված սենյակ: Քիչ անց տեսակցությունների համար նախատեսված սենյակ ժամանեցին նույն Խ. Ավետիսյանը և ՔԿՀ պետի մեկ այլ տեղակալ Գ. Սիմոնյանը, ովքեր հայտնեցին, որ պաշտպանյալներիս հետ տեսակցությունը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե ես տրամադրեմ իրենց ինձ մոտ առկա փաստաթղթերը և եթե դրանք ուսումնասիրելուց, դրանց բովանդակությանը ծանոթանալուց հետո իրենք կհամոզվեն, որ դրանք բացառապես պաշտպանյալներիս քրեական գործերին վերաբերող փաստաթղթեր են:
Իմ կողմից մերժում ստանալով՝ նրանք հայտնեցին, որ տեսակցությունը պաշտպանյալներիս հետ արգելվում է, ինչի մասին ՔԿՀ պետի որոշումը ինձ տրամադրվել է ժամը 16.15-ին:
Իր մոտ առկա փաստաթղթերը տրամադրելու պահանջի ներկայացումը փաստաբանին անօրինական միջամտություն է փաստաբանական գործունեությանը և փաստաբանական գաղտնիքը պահպանելու «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի պահանջի խախտում է:
Ինձ մոտ առկա փաստաթղթերը ներկայացնելուց հրաժարվելու հիմնավորմամբ պաշտպանյալներիս հետ տեսակցությունը մերժելու որոշմամբ խոչընդոտվել է իմ կողմից իմ մասնագիտական լիազորությունների իրականացումը, այն է՝ ես զրկվել եմ պաշտպանյալներիս անարգել տեսակցելու հնարավորությունից, ինչի հետևանքով սահմանափակվել է արդյունավետ իրավական օգնություն ստանալու պաշտպանյալներիս իրավունքը:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց վերոնշյալ գործողությունները և պաշտպանյալներիս հետ տեսակցությունը մերժելը ոչ միայն ակնհայտ ոչ իրավաչափ և կամայական են, այլև պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 332.3 հոդվածի 1-ին մասով և 309 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմերը, ուստի սույն հայտարարությունը խնդրում եմ դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում, հարուցել քրեական գործ և իրականացնել նախաքննություն՝ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով»: