ԵՏՄ գործընկերները Ռուսաստանի բյուջեի հաշվին են ապրում, կարծում է ռուսաստանցի քաղաքագետը

Ռուսաստանցի քաղաքագետ, Մոսկվայի տնտեսագիտական համալսարանի համաշխարհային տնտեսության և քաղաքականության ֆակուլտետի փոխդեկան Անդրեյ Սուզդալցևը Lenta.ru-ին տված հարցազրույցում ասել է, թե ինչ է շահում և կորցնում Ռուսաստանը ՝ Եվրասիական տնտեսական միության գործունեության հետևանքով։ Գնահատելով ԵՏՄ-ի հեռանկարները՝ Սուզդալցևն ասել է, որ ինտեգրման գործող տարբերակը, որը ձևավորվել է արտաքին և ներքին բազմաթիվ գործոնների արդյունքում, բերել է անհասկանալի արդյունքի։ Սակայն նախագծից չի կարելի հրաժարվել։

«Անհրաժեշտ է աշխատելով գործընկերների հետ՝ ԵՏՄ-ն վերաձևել, փոխել, հակառակ դեպքում այն պարզապես կփլուզվի։ Չի փրկի նաև այն, որ գրեթե բոլոր գործընկեր երկրները «կառչած» են մեջ բյուջեից: Ստացվում է, որ ղազախները, բելառուսները, ղրղզները կսկսեն ավելի լավ ապրել մեր՝ ռուսներիս հաշվին։

Հավատացեք՝ մեր գործընկերները կձգտեն մեզ ապացուցել, որ ունեն Ռուսաստանի հաշվին ապրելու իրավունք։ Բայց չէ՞ որ մենք այդպես չենք ասում, և, բարեբախտաբար, չենք անում, չնայած շատ ենք օգնում և երախտագիտություն չենք ստանում․․․ Պետք է հիշել, որ կա ինտեգրման գնի հարցը․ այն Ռուսաստանի համար բարձր է։ Ի վերջո, նախագիծը պետք է ավարտին հասցնել։ Գործընկերները մեզ ասում են՝ մենք դեռ պատրաստ չենք։ Հարց՝ իսկ Ռուսաստանի հաշվին ապրել պատրա՞ստ եք։ Կա նաև Բելառուսի հետ Դաշնային պետությունը․․․ , որը պետք է հասկանալի վիճակի հասցնել, սակայն այդ հարցում նույնպես Մինսկի մեր գործընկերը զբաղված է միայն չաչանակությամբ և պարբերաբար նեղանում է»,- ասել է Սուզդալցևը։

Նա նշել է, որ Ռուսաստանը տարեկան 7-9 միլիարդ դոլարի ներդրում է անում Բելառուսում, բայց երկրի տնտեսական ցուցանիշները շարունակում են նվազել։ Քաղաքագետը մեղադրել է Լուկաշենկոյին Եվրամիության դեմ Ռուսաստանի հակապատժամիջոցները զրոյացնելու մեջ, ինչի համար էլ, քաղաքագետի խոսքով, արժանացել Արևմուտքի երախտիքին․ Մինսկից մեկ տարի առաջ հանվել են պատժամիջոցները։

Ինչպես ասվում է՝ վարձահատույց եղավ Ռուսաստանի հաշվին, նշում է քաղաքագետը։

Ժաննա Պողոսյան

Մեկնաբանել