Ադրբեջանը օտարերկրյա դիվանագետներին այցի է տանում Ջոջուք Մերջանլի

Ադրբեջանը մեծ հնչեղություն է հաղորդում Ջոջուք Մերջանլի գյուղի վերաբնակեցման իր ծրագրին։ Ջաբրայիլի շրջանում գտնվող գյուղը ադրբեջանական վերահսկողության տակ է եղել 1994-ից ի վեր, սակայն 2016թ․ ապրիլյան պատերազմի ժամանակ Լելե Թեփե (Վարազաթումբ) բարձունքի գրավմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, թե գյուղն այժմ անվտանգ է վերաբնակեցնելու համար։

Ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանի Փախստականների և բռնի տեղահանվածների պետական կոմիտեն կազմակերպում է Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների այցը Ջոջուք Մարջանլի։

Հունվարի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել վերականգնողական միջոցառումներ իրականացնել Ջոջուք Մարջանլիում։ Այդ նպատակով Ադրբեջանի կառավարությունը հատկացրել է 4 մլն մանաթ՝ 50 տուն կառուցելու և ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով։

***

Լելե Թեփե բարձունքին հարակից Ջոջուք Մերջանլի գյուղի վերաբնակեցման մասին լուրը անցյալ շաբաթ հայտնվել էր ադրբեջանական լրատվամիջոցներում։

Լրագրող, տարածաշրջանային հարցերով փորձագետ Թաթուլ Հակոբյանը կարծում է, որ Իլհամ Ալիևը այդ կերպ «փորձում է նոր հիմնավորումներ գտնել 2016թ․ Ապրիլյան պատերազմի համար և իր հանրությանը համոզել, որ մարդկային, ռազմական ու նյութական այն գինը, որ վճարեց Ադրբեջանը քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում, լիովին արդարացված է»:

Ջոջուք Մերջանլի գյուղը 1993թ․ աշնանը ռազմական գործողությունների ընթացքում անցել էր հայկական ուժերի վերահսկողության տակ, սակայն 1994թ․ հունվարին ադրբեջանցիները կռիվներով հետ էին վերցրել: Այն շատ մոտ է շփման գծին, և այդ պատճառով՝ գրեթե հնարավոր չէր բնակեցնել:

2016թ․ ապրիլին, երբ Ադրբեջանին հաջողվեց գրավել Լելե Թեփե բարձունքն ու հարակից բլուրները, Բաքուն պնդում է, թե Ջոջուք Մերջանլիում վերաբնակեցման հնարավորություններ են ստեղծվել: Քանի դեռ Լելե Թեփեն արցախյան ուժերի ձեռքում էր, Ջոջուք Մերջանլին և շփման գծին մոտ բնակեցված ադրբեջանական որոշ բնակավայրեր հայկական ուժերի ափի մեջ էին: Հիմա, երբ Լելե Թեփեն անցել է Ադրբեջանին, հակառակորդն ստացել է դիրքային առավելություն:

Մեկնաբանել