Կրծած խաղաղության զոհերը

Հայաստանը լրիվ կորցրել է իր դիմադրողականությունը: Ողբերգական դեպքերը հաջորդում են իրար մի տեսակ մեզ չվերաբերելով:

Սահմանին զինվորի մահը արդեն նույնիսկ թեմա չէ:

Չորս տարեկան երեխան փախել է մանկապարտեզից, ընկել գետն ու մահացել: Թեմա է, բայց դեպք է, կպատահի:

Մեկ այլ տեղ կինը զուգարանում ծննդաբերել է, նորածինն ընկել է հորը ու մահացել: Դե ծննդաբերելու այլ տեղ չկար երևի:

Ծննդկանը մահացել է ծննդատանը: Այս մեկի դեպքում ծննդաբերելու տեղ կար, բայց՝ դարձյալ ապրելու ոչ մի երաշխիք:

Մեկ օրում պատահած բոլոր այս դեպքերն էլ այս կամ այն չափով ծանոթ են մեզ: Տարբեր ժամանակներում գրեթե նման բաներ պատահել են: Մեկ էլ ե՞րբ է այսպես լինում՝ երբ ողբերգությունները աննկատ կուտակվում են մի տեղում և գրեթե նույնքան աննկատ էլ տեղի ունենում: Այն ժամանակ, երբ շունը տիրոջը չի ճանաչում: Կրծած խաղաղության վերջը սա է:

Իսկ կրծած է այն խաղաղությունը, որն ավելի շուտ նման է շենքի գլխից հեսա-հեսա գլխիդ ընկնող քյարփինջին: Մինչև ընկնելը դեռ իր տեղում է, չէ՞։

Երեխան ինչո՞ւ պիտի փախչի մանկապարտեզից: Ասում եմ ձեզ՝ պիտի փախչի, չփախչելն է աննորմալ: Մանկապարտեզը նույնքան սպասողական է, որքան Մինսկի խումբը: Երկուսն էլ չլուծված հակամարտության արդյունք են:

Մանկապարտեզի դեպքում այդ հակամարտությունն իր հետ պարտադրել է հանրապետական դաստիարակներ, տնօրեններ, որոնք հաշվետու են ոչ թե երեխաներին, այլ՝ կուսակցությանը: Երեխայի մահը ողբերգություն չէ, քանի դեռ կուսակցությունը դա չի արձանագրել:

Զուգարանում ծննդաբերած կինն անգրագե՞տ էր: Ոչ: Նա, կներեք ցինիզմի համար, դեռ զբաղված է հասկանալով, թե երբ են պատերազմի հեռանկարի փոխարեն խոսելու իր մասին:

Հղիությունն այնպիսի բան է, որ պատահում է նույնիսկ պատերազմի օրերին, բայց պտուղը, երբ էլ լույս աշխարհ գա, խաղաղությունն է: Այս կնոջ դեպքում խաղաղությունը հայտնվեց այնտեղ, որտեղ պիտի լիներ՝ հորի մեջ: Այսինքն, այնտեղ, որտեղ կա, որտեղից նրա ծպտունն անգամ չի լսվելու:

Զինվորի մահը, կներեք, հարցեր չի առաջացնում: Որովհետև իշխանությունը ավելի խնամքով ընտրական ցուցակներն է գրում, քան՝ խաղաղության համաձայնագիրը: Որովհետև խաղաղությունը բոլորովին այլ ցուցակներ կենթադրեր: Խաղաղությունը գուցե ամենևին այս իշխանությունը չենթադրեր:

Խաղաղությունը բարոյականության տեղ չէ, բայց անբարոյականությունն այնտեղ սովորաբար հրապարակային չէ, ինքն իր բեմը գիտի, իր միջավայրը գտնում է, խաղում է շատ զգույշ; Մի խոսքով, ինքն էլ ստեղծագործելու տեղ ունի:

Ոչ ոք այս կրծած խաղաղության զոհը չէ, քանի դեռ ինքն իրեն հաշիվ չի տվել, որ այսպիսի խաղաղություն չի լինում: Ոչ ոք իսկապես զոհ չէ, քանի դեռ չի հասկացել, որ խաղաղությունը ռազմահայրենասիրական չի լինում:

Այսպիսի խաղաղության մեջ ապրելու մղումը հավասարեցված է անբարոյականության բոլոր ձևերին: Իսկ անբարոյականության բոլոր ձևերի մեջ ներգրավվում են բոլորը, ովքեր դեռ չեն արտագաղթել: Ովքեր սահմանին զինվոր ունեն, ովքեր զուգարան ունեն երեխա ծննդաբերելու, ովքեր ծննդկան են: Կամ որպես անբարոյական, կամ որպես զոհ:

Եվ մի ասեք, թե անբարոյականությունն էլ պետք է չափ ու սահման ունենա: Ինքը հենց դրանով է անբարոյականություն, որ չափ ու սահման չունի: Ինքը պատերազմից էլ է կենսունակ:

Լուսանկարում՝ տեսարան Ալավերդուց։

Մեկնաբանել