Ադրբեջանական վարչակարգն իր ազգայնական քաղաքականության հետևանքով կտապալվի, կարծում է թալիշ քաղաքական գործիչը

Դա նախևառաջ քաղաքական նշանակալի իրադարձություն է, որը մեծ արձագանք է գտել Ադրբեջանի թալիշական հանրության շրջանում․ ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Թալիշի ազատագրական շարժման անդամ, Ադրբեջանի քաղաքացի Շահին Միրզալիի կողմից ապաստանի հայցումը Հայաստանում թալիշ քաղաքական և հասարակական գործիչ Զահիրադդին Իբրահիմին։ Նրա գնահատմամբ՝ «դա շատ խիզախ քայլ է»։

«Շատերն ունեն նման ցանկություն, սակայն վախը հետ է պահում նրանց»,- կարծում է Իբրահիմին։

Վերջինս պատմում է, որ ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները ցնցված են․ ոչ ոք նման բան չէր ակնկալում, չնայած՝ իրավիճակը վաղուց էր հասունանում՝ պայմանավորված «ադրբեջանական պետության ազգայնական քաղաքականությամբ»։

Իբրահիմին համոզված է՝ ամբողջ թալիշ ժողովուրդը, չհաշված մարգինալացված որոշ հատվածներ, «ատում է այս պետությունն ու իշխանությունների ցեղապաշտական քաղաքականությունը»։

«Նրանք ցանկանում և սպասում են փրկության»,- նշեց Իբրահիմին՝ արձանագրելով, որ ռեժիմի փլուզման նախանշաններից էր հենց Շահին Միրզալիի քայլը, որը «մեծ նշանակություն ունի թալիշ ժողովրդի և Ադրբեջանի մյուս ոչ թյուրք ազգությունների համար»։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանում ապաստանի ստացումը կարող է նախադեպ դառնալ, թալիշ քաղաքական գործիչը նկատեց, որ «միանգամայն», ինչն էլ ստիպում է ադրբեջանական պետական քարոզչամեքենային ամեն գնով «պատնեշել այդ ճանապարհը, սևացնել նման քայլն» ու թույլ չտալ դրա կրկնությունը։

Ադրբեջանում թալիշների իրավունքների հետ կապված իրադրությունը, ՍիվիլՆեթի զրուցակցի խոսքով, վերջին տարիներին միայն վատթարացել է։

«Ալիևների իշխանությունը մի առանձնահատկություն ունի՝ նրանք ոչ մի պարագայում չեն ընդառաջում ժողովրդին և նրա պահանջներին, և այդ քաղաքականությունը կհանգեցնի ժողովրդական ընդվզման և ատելի ռեժիմի տապալման»,- ասում է Իբրահիմին։

2019թ․ Ադրբեջանում կայանալիք մարդահամարի նախաշեմին երկրում արդեն իսկ սկսվել են նախապատրաստական աշխատանքներ․ թալիշների շրջանում սկսված քարոզչական աշխատանքի նպատակն է հետ պահել նրանց որպես թալիշ գրանցվելուց, ինչը նոր երևութ չէ Ադրբեջանի համար։

«Սակայն նրանք չեն կարող հերքել թալիշ ժողովրդի գոյությունը, և դա մեր պայքարի արդյունքն է»,- ասում է Իբրահիմին։

Վերադառնալով Շահին Միրզալիի թեմային՝ զրուցակիցը նշում է, որ անձամբ նրա հետ ծանոթ չէ, սակայն կարող է ասել, որ նա «Մուսավաթ» կուսակցության անդամ էր, որը պանթյուրքիստական կազմակերպություն է։

«Ավելի ուշ նա մեզ է միացել՝ համոզվելով, թե ինչ կուսակցություն է դա և ինչով է զբաղված»,- պատմում է Իբրահիմին։ Նրա համոզմամբ՝ նման մարդիկ շատ են, և շատ շուտով ռեժիմի ազգայնական քաղաքականության հետևանքով թալիշական շարժման ուղղությամբ մեծ հոսք է լինելու։

Ղարաբաղ․ այդ պատերազմը մերը չէ

Մեկնաբանելով Ղարաբաղյան հարցում թալիշական հանրության դիրքորոշումը՝ թալիշ գործիչը նկատում է, որ ներկայում շատերը գտնվում են պետական քարոզչության ազդեցության տակ։

«Պետք է խոստովանել, որ բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցները զբաղված են ուղեղ լվանալով, ինչի արդյունքում բազմաթիվ հասարակ թալիշներ ազդեցության տակ են»,- նշում է Իբրահիմին՝ հավելելով, որ ակնհայտ է, այդուհանդերձ, իրենց աշխատանքի արդյունքը ինչպես լրատվամիջոցներում, այնպես էլ սոցիալական ցանցերում։

«Էթնոցիդի քաղաքականությունը, որը վարում է վարչակարգը, ինչպես նաև թալիշների ազգային ու տնտեսական իրավունքների ոտնահարումը, հանգեցրել են այն ընկալման, որ չի կարելի վստահել և հավատալ նրան, և այդ պատերազմը մերը չէ։ Այդ կլանը, այդ ցեղը մեր մարդկանց ուղարկում է մահվան»,- նշում է Իբրահիմին։

Նրա համոզմամբ՝ Ադրբեջանի իշխանությունը ձգտում է գժտեցնել հայ և թալիշ ժողովուրդներին և ստիպել նրանց բնաջնջել միմյանց։

Քառօրյա պատերազմում զոհվածների թվում թալիշների առկայության մասին հարցին ի պատասխան թալիշ գործիչն ասում է, որ հստակ վիճակագրություն չունի, սակայն, ըստ ստացված տվյալների, զոհերի մեծ մասը լեզգիներ էին և թալիշներ։

Լապշինի բախտը չբերեց՝ Ալիևն ու Լուկաշենկոն եղբայրացան

Անդրադառնալով վերջերս Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի թեմային՝ Իբրահիմին կարծիք հայտնեց, որ նրա բախտը պարզապես չբերեց՝ Ալիևն ու Լուկաշենկոն ընկերացան և եղբայրացան։ Ալիևը, գործչի խոսքով, չներեց Լապշինին, որ «խաբեց ադրբեջանական իշխանություններին»։ Իբրահիմին կարծում է, որ բլոգերին բաց կթողնեն՝ «նրանից պոկելով 50 հազ․ դոլար՝ տոկոսներով»։

Բլոգերի հետապնդման պատճառի մասին Իբրահիմին ասաց, որ սև ցուցակում են մի քանի հարյուր մարդ, սակայն երբեք ոչ մեկին չեն պահանջել արտահանձնել։

Բուն սև ցուցակի գոյությունն ու Բաքվի ռազմատենչ հայտարարություններն, ըստ Զահիրադդին Իբրահիմիի, նպատակ ունեն խոչընդոտել Ղարաբաղի խաղաղ կյանքին և զարգացմանը։

«Եթե դուք խաղաղ գոյության և զարգացման հնարավորություն ունենաք, տասնյակ անգամներ կգերազանցեք Ադրբեջանին»,- եզրափակեց թալիշ քաղաքական և հասարակական գործիչը։

Զրուցեց Ստելլա Մեհրաբեկյանը

Մեկնաբանել