Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հրաժարվել է մաս դառնալ Բաքվի քարոզչական արշավին։ Ռուսաստանի դեսպանն ընդունել է հյուրընկալող երկրի հրավերը՝ այցելելու Ջոջուք Մերջանլի։
Ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը երեկ հաղորդել էր, որ Ադրբեջանի Փախստականների և բռնի տեղահանվածների պետական կոմիտեն կազմակերպում է Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների այցը Ջոջուք Մարջանլի գյուղ։
Ադրբեջանը մեծ հնչեղություն է հաղորդում Ջոջուք Մերջանլի գյուղի վերաբնակեցման իր ծրագրին։ Ջաբրայիլի շրջանում գտնվող գյուղը ադրբեջանական վերահսկողության տակ է եղել 1994-ից ի վեր, սակայն 2016թ․ ապրիլյան պատերազմի ժամանակ Լելե Թեփե (Վարազաթումբ) բարձունքի գրավմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, թե գյուղն այժմ անվտանգ է վերաբնակեցնելու համար։
Բաքվում հավատարմագրված մի քանի դիվանագետներ, այդ թվում Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սիքյութան և Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարը, հրաժարվել են մեկնել Ջոջուք Մերջանլի, այդպիսով՝ հրաժարվելով մաս կազմել Բաքվի քարզոչական արշավին: ԱՄՆ դեսպանի հրաժարումը հարուցել է պաշտոնական Բաքվի զայրույթը:
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը ընդունել է հրավերը և այցելել Ջոջուք Մերջանլի: