Սերժ Սարգսյանը համաձայն չէ, որ Ղարաբաղի հարցն է երկրի զարգացման խոչընդոտը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համաձայն չէ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որ Հայաստանը դատապարտված է ձախողման, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ։

Փետրվարի 20-ին Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ: Ինչպես նշված է նախագահականի հաղորդագրությունում՝ հավաքը նպատակ ունի Հանրապետության պաշտոնատար անձանց հետ հանդիպումների և դասախոսությունների միջոցով մասնակիցներին ծանոթացնել ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթություններին և այլն։

«Ասել եմ և կրկնում եմ՝ այն մտայնությունը, թե մենք դատապարտված ենք ձախողման, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, անընդունելի է: Մեր ներքին թերությունները թուրքերն ու ադրբեջանցիները չեն ստեղծում: Մեր երկրի կառավարման թերությունները նրանց հետ որևէ առնչություն չունեն և նրանց պատճառով չեն: Մեր հասարակական կյանքի կազմակերպման և լավ կառավարման խնդիրներն ազգային անվտանգության խնդիրներ են: Թերի կառավարումն ուղղակի ազդում է ազգային անվտանգության և երկրի պաշտպանունակության վրա»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ այդ պատճառով են նախաձեռնվել սահմանադրական փոփոխությունները:

2016թ․ դեկտեմբերի 17-ին իր ղեկավարած Հայ ազգային կոնգրես կուսակցության համագումարին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ Հայաստանի զարգացման գլխավոր երաշխիքը Ղարաբաղի խնդրի լուծումն է։

Ղարաբաղյան խնդրի մասին

Խոսելով ԼՂ խնդրի մասին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ բանակցություններում որևէ ճեղքում արձանագրելու հիմք այս պահին չի տեսնում․ «Այդ պարագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռության պահպանումը կայունության և փխրուն խաղաղության պահպանման միակ միջոցն է»:

«Պաշտոնական Բաքուն մշտապես փորձում է մեզ մեղադրել ձևավորված ստատուս-քվոն երկարաձգելու փորձերի մեջ: Սա իրականությանը չի համապատասխանում: Ուզում եմ բոլորիդ հավաստիացնել, որ մենք, իրոք, ցանկանում ենք, որպեսզի խնդիրը լուծվի, բայց իրականությունը այս է՝ ադրբեջանցիներն առաջարկում են այնպիսի լուծումներ, որոնք մեզ համար անընդունելի են, ուստի այս պատճառով խնդիրը չի լուծվում: Երբ նրանք կհասկանան, թե ինչպիսի լուծում կարող է իրականություն դառնալ, այն ժամանակ էլ խնդիրը կկարգավորվի: Այս պատճառով էլ Ադրբեջանն անընդհատ դիմում է մանր ու մեծ սադրանքների, որպեսզի սրի իրավիճակն առաջնագծում և այդ ձևով իր մասին հիշեցնի մեզ և միջազգային հանրությանը:

Այդ քարոզչական հնարքները սին են և դատապարտված են ձախողման: Մեր դիրքորոշումը հետևյալն է. արդեն հաստատված հրադադարը չի կարելի փոխել ավելի վատ պայմաններով հաստատվող հրադադարի հետ: Մենք պետք է բանակցենք և ամուր հիմքեր դնենք երկու ժողովուրդների միջև բնականոն շփումներ և խաղաղություն հաստատելու համար:

Այո՛, հակամարտության կողմերը պետք է բանակցեն ամուր, վստահելի, ստուգման ենթակա մեխանիզմների վրա հիմնված խաղաղության շուրջ: Այդ ճանապարհին առաջին ճիշտ քայլը կարող էր լինել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի անցած տարվա հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների բարեխիղճ իրականացումը: Սակայն, ցավոք սրտի, Ադրբեջանի ղեկավարությունը չի խորշում նույնիսկ միջազգային ամենաբարձր մակարդակում հանձնառություններ ստանձնելուց և հաջորդ օրը դրանցից հրաժարվելուց:
Հրադադարն անհրաժեշտ է փոխակերպել խաղաղության, սակայն դա երբեք տեղի չի ունենալու միակողմանի զիջումների արդյունքում: Մենք հստակ ենք գնահատում իրավիճակը և Ադրբեջանից չենք ակնկալում միակողմանի զիջումներ: Նույնը պահանջում ենք, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը գիտակցի այս պարզ, ավելի ճիշտ՝ շատ պարզունակ հանգամանքը:

Ուստի, մենք ջանք ու եռանդ չենք խնայելու ուժերի հավասարակշռության պահպանման համար: Մենք Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու կարիքը չունենք»:

Նախընտրական և հետընտական շրջանի մասին

Սերժ Սարգսյանը խոսել է խորհրդարանական ընտրություններ փուլի մասին և նշել, որ զինված ուժերը լինելու են ապաքաղաքական՝ չնայած այն հանգամանքին, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է ղեկավարում Հանրապետական կուսակցության ցուցակը։

«Հատուկ շեշտում եմ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապակուսակցական են և ապաքաղաքական: Այո՛, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գլխավորում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակը: Սակայն նախընտրական քարոզչության և իր պաշտոնական լիազորությունների իրականացման որևէ խաչաձևում չի լինելու:

Միջկուսակցական քննարկումներ բանակում չեն լինելու և մենք էլ չենք մտցնելու: Ավելին, զգուշացնում եմ բոլորիդ, որ նման փորձերն ուղղակի պատժվելու են»:

Հայ-ռուսական հարաբերությունների և ՀԱՊԿ-ի մասին

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ դրանք անփոխարինելի են տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար․ «Հայաստանը շարունակելու է բարեխղճորեն կատարել իր բոլոր դաշնակցային պարտավորությունները ինչպես հայ-ռուսական դաշինքի, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում»:

Սարգսյանն անուղղակիորեն անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցներ համարվող Բելառուսի և Ղազախստանի՝ ժամանակ առ ժամանակ որ հայանպաստ գործողություններին, Հայաստանում հնչող հայտարարություններին, թե պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից։

«Ուզում եմ, որպեսզի բոլորդ շատ հստակ գիտակցեք, որ այո՛, նաև ՀԱՊԿ շրջանակներում տեղի են ունենում իրադարձություններ, գործողություններ, ելույթներ, որոնք մեր սրտով չեն, բայց ՀԱՊԿ անդամ որևէ երկրի ղեկավարի կամ ներկայացուցչի գործողությունը, կամ ելույթը, կամ ընդհանրապես պահվածքը մեզ համար երբեք չեն կարող հիմք հանդիսանալ խոսելու այն մասին, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին արդեն սպառել է անհրաժեշտությունը: Սա, ուղղակի անթույլատրելի է»:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է աշխույժ դրական օրակարգ ձևավորել Հյուսիսատլանտյան դաշնագրի կազմակերպության և դրա անդամ պետությունների հետ՝ միջազգային խաղաղության և անվտանգության հետագա ամրապնդման նպատակով:

«Այս բոլորը կարևոր գործոններ են մեր մյուս հարևանի՝ Թուրքիայի անբարյացակամ, եթե չասենք՝ թշնամական, քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չեզոքացնելու համար»:

Մեկնաբանել