Ինը ուժերի արդյունքները 1990-2012 թվականների խորհրդարանական ընտրություններում

2017 թվականի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում մասնակցելու հայտ են ներկայացրել 5 կուսակցություն և 4 դաշինք՝ «Ազատ դեմոկրատներ», «Ելք», «Ծառուկյան», «ՀԱԿ-ՀԺԿ», ՀԿԿ, ՀՀԿ, ՀՅԴ, «Հայկական վերածնունդ» և «Օհանյան, Րաֆֆի, Օսկանյան»։

«Ազատ դեմոկրատները» առաջին անգամ են մասնակցում ընտրություններին։ Նրանց ցուցակում ներառված գործիչներից մի քանիսը նախկինում ընտրվել են պատգամավոր, ինչպես Խաչատուր Քոքոբելյանը, Ստյոպա Սաֆարյանը և Անահիտ Բախշյանը՝ «Ժառանգության», Գագիկ Բաղդասարյանը՝ «Օրինաց երկրի» կազմում։

«Ելքը» ևս առաջին անգամ է մասնակցում, իսկ նրա ցուցակում ընդգրծված գործիչներից Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը պատգամավոր են կամ եղել են։ Մարուքյանը ընտրվել է մեծամասնական ընտրակարգով, Արամ Սարգսյանը՝ «Արդարություն» դաշինքով, Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱԿ-ով, Սասուն Միքայելյանը՝ երեք անգամ մեծամասնականով։

«Ծառուկյան» դաշինքը փաստացի նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որը ստեղծվել է 2004-ին, իսկ 2007 և 2012 թթ․ ընտրություններում եղել մեծությամբ երկրորդ ուժը խորհրդարանում ՀՀԿ-ից հետո։ 2007-ին ԲՀԿ-ն համամասնական ընտրակարգով ստացավ քվեների շուրջ 15, իսկ 2012-ին՝ կրկնապատկեց արդյունքը։

«ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի երկու հիմնական ուժերը և նրանց ներկայացուցիչների մի մասը եղել է նախկին խորհրդարանների պատգամավոր։ Այսպես, Լևոն Տեր-Պետրոսյանը 1990 թ․օգոստոսին ընտրվեց խորհրդարանի նախագահ, մեկ տարի անց՝ Հայաստանի նախագահ։ ՀԱԿ-ի կորիզը նախկին իշխանական ուժն է՝ ՀՀՇ-ն։ ՀՀՇ-ն մեծամասնություն է կազմել 1990-1995 թթ․ խորհրդարանում, ապա «Հանրապետություն» դաշինքով 1995-1998 թթ՝ նախքան Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը։ Դրանից հետո ՀՀՇ-ն չի հաղթահարել խորհրդարան մուտքի 5 տոկոսանոց արգելքը։ ՀԱԿ-ը 2012-ի ընտրություններում ստացել է քվեների 7 տոկոսը։ ՀԺԿ-ն 1999-ին մասնակցել է ՀՀԿ-ի հետ «Միասնություն» դաշինքով, իսկ 2003-ի ընտրություններում եղել է «Արդարություն» դաշինքի կորիզը։ Այդ ընտրություններում «Արդարությունը» երկրորդն էր ՀՀԿ-ից հետո։

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը ամենամեծ ներկայություն ունեցել է 1990-1995 թթ․ խորհրդարանում՝ զիջելով միայն այն ժամանակ իշխող ՀՀՇ-ին։ 1995-ի ԱԺ ընտրությունների արդյունքում ՀԿԿ-ն ունեցավ 6, 1999-ին՝ 8 պատգանավոր։ 2003-ից ի վեր ՀԿԿ-ն խորհրդարանում ներկայություն չի ունեցել։ Վերջին՝ 2012-ի ընտրություններում, ՀԿԿ-ն ստացել է քվեների 15 տոկոսը։

ՀՅԴ-ն ներկայություն է ունեցել անկախ Հայաստանի խորհրդարանի բոլոր գումարումներում։ 1990-1995 թթ․ խորհրդարանում ՀՅԴ-ն ուներ ազդեցիկ խմբակցություն, սակայն դա ձևավորվել էր ոչ թե ընտրությունների արդյունքում, այլ մոտ երկու տասնյակ պատգամավորներ անդամակցեցին կուսակցությանը և ձևավորեցին ՀՅԴ խմբակցությունը։ 1995-ին կուսակցությունը կասեցված լինելու պատճառով հնարավորություն չի ստացել մասնակցել ընտրություններին, մեծամասնական ընտրակարգով ունեցավ մեկ պատգամավոր՝ Ռուբիկ Հակոբյանը, ով նախկինում կոմունիստ էր, ապա դարձավ ՀՅԴ-ական, ապա միացավ «Ժառանգությանը» և հեռացավ։

1999-ին, 2003-ին, 2007-ին և 2012-ին ձևավորված խորհրդարաններում ՀՅԴ-ն մշտապես հաղթահարել է 5 տոկոսի շեմը, ինչպես նաև ունեցել ընտրված պատգամավորներ մեծամասնական ընտրակարգով։ Լավագույն արդյունքը ՀՅԴ-ն ցույց է տվել 2007-ին՝ գրեթե 13 տոկոս։

Իշխող և մշտապես իշխանական ուժ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 1990-ին բացառապես մեծամասնական ընտրակարգով ձևավորված խորհրդարանում ուներ մեկ պատգամավոր՝ Աշոտ Նավասարդյանը։ 1995-ին իշխող ՀՀՇ-ի օգնությամբ՝ «Հանրապետություն» դաշինքով, ՀՀԿ-ականների թիվը հասավ 3-ի, իսկ երբ Վազգեն Սարգսյանը ստանձնեց ՀՀԿ-ն, հանրապետականների թիվը 1999-ի խորհրդարանում անցավ երկու տասնյակից։ 1999-ին ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցեց ՀԺԿ-ի հետ «Միասնություն» դաշինքով և համամասնական ընտրակարգով ստացավ 42 տոկոս քվե։ 2003-ին ՀՀԿ-ն ստացավ գրեթե 24 տոկոս, 2007-ին՝ 33 տոկոս, իսկ 2012-ին՝ 44 տոկոս։ Աճը՝ կասկածելի, բայց տպավորիչ է։

«Հայկական վերածնունդը» փաստացի նախկին «Օրինաց երկիրն» է։ Վերջինս հիմնադրվել է 1997-ին, ձևավորումից հետո մասնակցել ԱԺ բոլոր ընտրություններին և միշտ հաղթահարել 5 տոկոսի շեմը։ 1999-ին «Օրինաց երկիրը» համամասնական ընտրակարգով ստացավ քվեների 5 տոկոսից ավելին, 2003-ին՝ գրեթե 13 տոկոս, 2007-ին՝ գրեթե 7 տոկոս, 2012-ին՝ 5․5 տոկոս։

«Օհանյան, Րաֆֆի, Օսկանյան» դաշինքը կազմող հիմնական ուժերը «Համախմբում» և «Ժառանգություն» կուսակցություններն են։ «Համախմբումը» հիմնադրվել է վերջերս, նրա առաջնորդ Վարդան Օսկանյանը պատգամավոր է ընտրվել ԲՀԿ-ի ցուցակով։ «Ժառանգությունը» հիմնադրումից ի վեր մասնակցել է ԱԺ ընտրություններին և միշտ հաղթահարել 5 տոկոսի շեմը։ «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի հովհաննիսյանը 2013-ի նախագահական ընտրություններում ստացել է քվեների 37 տոկոսը։ Այս դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը նախկինում երբեք որևէ ուժի կազմում չի մասնակցել ընտրությունների։