Բելառուսը նավթ է գնում Իրանից

Իրանի ազգային նավթային ընկերությունը նավթի վաճառքի գործարք է կնքել BelOil Polska ընկերության հետ, որը «Բելառուսնեֆտ»-ի դուստր ձեռնարկությունն է։

«Բելառուսը գնել է 600 հազ․ բարել իրանական թեթև և ծանր հում նավթ Իրանի Ազգային նավթային ընկերությունից»,- ասված է ընկերության մամուլի հաղորդագրությունում։ Նշվում է, որ սա Բելառուսի՝ իրանական նավթի առաջին գնումն է Թեհրանից միջազգային պատժամիջոցների վերացումից ի վեր։

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ակնկալվում է, որ իրանական նավթով բեռնված նավերը պետք է ժամանեն կա՛մ ուկրաինական Օդեսայի սևծովյան նավահանգիստ, կա՛մ լատվիկան Վենթսպիլսի բալթյան նավահանգիստ, որից հետո նավթը փոխադրվելու է երկաթուղով։ Նշվում է, որ լոգիստիկ մանրամասները դեռ պետք է հստակեցվեն։

«Բելնեֆտեխիմ» բելառուսական պետական կոնցեռնից ռուսաստանյան «Վեդոմոստի» թերթին ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել են լուրը։ Ընկերությունից հայտարարել են, որ «կոնցեռնը զբաղված է պետության ղեկավարի հանձնարարականի կատարմամբ՝ նավթի մատակարարման դիվերսիֆիկացիայի վերաբերյալ»։ «Վեդոմոստի»-ն հիշեցնում է, որ Ռուսաստանին և Բելառուսին չի հաջողվել պայմանավորվել ռուսական գազի գնի շուրջ։

Մինսկի և Մոսկվայի հարաբերությունները վերջերս բավական լարված են, ինչն էլ պայմանավորել է Ռուսաստանի կողմից Բելառուսին մատակարարվող նավթի ծավալների կրճատումը։

Փետրվարի սկզբին մեծ մամուլի ասուլիսի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեղադրել էր Ռուսաստանին և Պուտինին ճնշում գործադրելու նպատակով նավթի և գազի լծակներն օգտագործելու մեջ։ Նա նշել էր, որ «որքան էլ դժվար լինի», սակայն հանրապետությունը ռուսական նավթի փոխարինման հնարավորություններ է փնտրում։

«Գնում ենք Վենեսուելա նավթ արդյունահանելու, հիմա Կանադա կգնանք, Իրանում ենք պայմանավորվում»,– ասել էր Լուկաշենկոն։

Այսպիսով, ռուսական նավթի փոխարինման փնտրտուքներում Բելառուսը Ադրբեջանին փոխարինել է Իրանով։ Ըստ Նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանի՝ «բելառուսները ցածր են գնահատել ադրբեջանական նավթը»։

Շաբանը լրատվամիջոցներին ասել է, որ 2016թ․ Ադրբեջանը հասցրել է Բելառուս ուղարկել ընդամենը նավթի մեկ խմբաքանակ՝ ավելի քան 500 հազ․ տոննա ծավալով։

«Մատակարարումն իրականացվել է ռուսական երթուղիով։ Սակայն արդեն ընթացիկ տարվա սկզբին ադրբեջանական «սև ոսկու» մատակարարումն ընդհատվել է։ Ըստ բելառուսական լրատվամիջոցների՝ երկրի ղեկավարությունը մտադիր էր ադրբեջանական նավթը գնել ընդամենը 30 դոլարով մեկ բարելի դիմաց։ Այսինքն, նույն գնով, ինչ Ռուսաստանից։ Ադրբեջանը, մինչդեռ, նավթը իրացնում է կոմերցիոն գնով»,- ասել է Շաբանը։ Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանին չեն հետաքրքրել Բելառուսի գնային պայմանները, և նա մերժել է։ Շաբանը նաև շեշտել է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ նաև բարտերային պայմաններով։

«Նավթային նախագծերը չեն կարող լինել սոցիալական կամ միջկառավարական ծրագրեր, այսինքն, որևէ խոսք չի կարող լինել զիջումների մասին, անգամ եթե ներկրողի և արտահանողի միջև հաստատվել են ջերմ, բարեկամական հարաբերություններ»,- ասել է պաշտոնյան։

Ռուսաստանցի փորձագետներն, իրենց հերթին, մատնանշում են այն փաստը, որ ոչ Իրանում, ոչ Ադրբեջանում այսօր հնարավոր չէ գտնել նավթի մեծ, ազատ ծավալներ․ դրա փոխադրումը ծովային ճանապարհով և երկաթուղիով շատ թանկ կարժենա։ Փորձագետները հակված են մտածելու, որ Բելառուսը ռուսական նավթի իրական այլընտրանք պարզապես չունի։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել