«Լուսավոր Սահման»-ը լուսավորել է Թալիշը

«Լուսավոր Սահման» նախաձեռնությունը այս անգամ լուսավորել է Արցախի Թալիշ սահմանամերձ բնակավայրը, որտեղ ապրիլյան դեպքերից հետո վերականգնման աշխատանքեր են իրականացվում:

«Այս անգամ նախատեսվել էր լուսավորել Արցախի Թալիշ սահմանամերձ բնակավայրը, որտեղ ապրիլյան դեպքերից հետո վերականգնման աշխատանքեր են իրականացվում: Կամավորական նախաձեռնության նպատակը սահմանամերձ բնակավայրը էներգախնայող-էներգաարդյունավետ (LED) լամպերով ապահովելն ու «Շտիգեն» ընկերության կողմից արևային ջրատաքացուցիչ տեղադրելն էր: Այցի ընթացքում սահմանամերձ բնակավայրի զինվորական շտաբում տեղադրվեցին լուսադիոդային լամպեր, ինչպես նաև արևային ջրատաքացուցիչ «Շտիգեն»-ի կողմից: Եվս 185 լամպեր տրամադրվեցին Թալիշի գյուղապետարանին՝ հետագայում դրանք ընտանիքներին փոխանցելու նպատակով:

Նախաձեռնության անդամներին այցի ողջ ընթացքում ուղեկցում էր Թալիշի համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը: Վերջինիս հետ քննարկվեցին բնակավայրի վերականգնման վերաբերյալ մի շարք հարցեր: Այժմ ԼՂՀ կառավարությունը Թալիշի զարգացման ուղղությամբ լայնամասշտաբ աշխատանքներ է իրականացնում, որոնց ավարտից հետո այն կդառնա սահմանամերձ ամենաժամանակակից բնակավայրը: «Լուսավոր Սահման»-ը և «Շտիգեն» ընկերությունը հորդորում են այլ ընկերությունների իրենց ներդրումն ունենալ Թալիշի վերակառուցման գործում:

Նշենք, որ «Լուսավոր Սահման»-ն արդեն լուսավորել է Տավուշի սահմանամերձ վեց գյուղերի ընտանիքների տներ: Կամավորական նախաձեռնության նպատակն է Հայաստանի և Արցախի սահմանամերձ գյուղերում լուսադիոդային լամպերի տեղադրման բարեգործական ակցիայի միջոցով թեթևացնել սահմանամերձ գյուղերի բնակիչների հոգսերը՝ փորձելով կրճատել նրանց էլեկտրաէներգիայի սպառման համար ամենամսյա վճարները:

Նախաձեռնությունը բոլորին կոչ է անում ներդրում ունենալ սահմանամերձ գյուղերի լուսավորման մեջ՝ մասնակցելով դրամահավաքին հետևյալ հղումով՝ https://goo.gl/P10RVn: Հավելենք, որ Թալիշ կատարած այցին մասնակցել ցանկացող կամավորների թիվն ավելին էր, քան կազմակերպիչները կարողացան տեղափոխել»,- ասվում է հաղորդագրությունում:

Լուսադիոդային լամպերը տալիս են նույն լուսավորությունը և կրճատում են էլեկտրաէներգիայի ծախսը։

Մեկնաբանել